Վարչապետին է ներկայացվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2015 թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ 2015 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության միջոցառումների ծրագրի, գերակա խնդիրների կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ 2015թ. առանձնացել է սոցիալական պաշտպանության ոլորտում նորաստեղծ համակարգերի կառուցվածքային ու բովանդակային փորձարկմամբ, գործող համակարգերի զարգացմամբ ու ամրապնդմամբ: Ըստ նախարարի՝ կենսաթոշակային ոլորտում հիմնական թիրախը շարունակում է մնալ կենսաթոշակառուների շրջանում աղքատության նվազեցումը:

Այսպիսով՝ 2015թ. միջին աշխատանքային կենսաթոշակի չափն ավելացել է 5000 դրամով` կազմելով շուրջ 41 հազար դրամ, զինվորական հիմնական կենսաթոշակի չափը սահմանվել է 16 հազար, վետերանների պատվովճարը կրկնապատվել է՝ դառնալով 50 հազար դրամ: Անցած տարի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված 136 հազար ընտանիքից ընտանեկան կամ սոցիալական նպաստ է ստացել ամսական միջինում 105 հազար 408-ը, նպաստի միջին չափը կազմել է 30 հազար 350 դրամ:

Անդրադառնալով զբաղվածության ոլորտին՝ Արտեմ Ասատրյանն ընդգծել է, որ արմատապես փոխվել է զբաղվածության պետական քաղաքականությունը՝ հիմքում դնելով աշխատանք փնտրող անձանց աշխատանքով ապահովելու և աշխատանքի միջոցով եկամուտ ստանալու գաղափարախոսությունը: Գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման փորձնական ծրագրի միջոցով Տավուշի մարզի 44 սահմանամերձ համայնքի շուրջ 400 գործազուրկ ընդգրկվել է վարձատրվող հասարակական աշխատանքներում:

Հաշմանդամության բնագավառում ջանքերն ուղղված են եղել սահմանված իրավունքների իրացմանը, հավասար հնարավորությունների ապահովմանը, երեխաների իրավունքների մասով՝ այլընտրանքային խնամքի ծառայությունների զարգացման միջոցով, երեխայի` ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանը:

Հովիկ Աբրահամյանը նշել է, որ այս ոլորտը գտնվում է իր ուշադրության կենտրոնում և ընդգծել՝ նախարարության 2016 թվականի գերակա խնդիրը պետք է լինի ոլորտի նկատմամբ հանրային վստահության բարձրացումը, բարեփոխումների հիմքում դնելով արդարության և անառաչության ապահովման սկզբունքը: Կառավարության ղեկավարը կարևորել է նաև սոցիալական ծառայությունների արդյունավետ և թափանիկ գործունեության ապահովումը, նրանց գործունեության նկատմամբ վերահսկողության բարձրացումը: Դրական գնահատելով ոլորտում կատարված աշխատանքները՝ Հովիկ Աբրահամյանը կարևորել է առկա բացթողումների վերացման ուղղությամբ աշխատանքների հետևողական իրականացումը:

ԿԻՍՎԵԼ