Բարձրացվել է տարածքային մակարդակում աջակցող ցանցի ձևավորման թափանցիկության մակարդակը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 2016թ. փետրվարի 18-ի հերթական նիստում փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության` 2016 թ. հունվարի 14-ի «2016 թվականի ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի, հրատապ օգնության և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափերը սահմանելու մասին» N 5-Ն որոշման մեջ:

Ընդունված որոշմամբ ՀՀ պետական բյուջեում ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների համար նախատեսված գումարների 3 տոկոսն է ուղղվելու եռամսյակային հրատապ օգնության վճարմանը:

Միաժամանակ, ընտանեկան, սոցիալական նպաստների և հրատապ օգնության նշանակման հասցեականության բարձրացման նպատակով, հանձնարարվել է ՀՀ մարզպետներին, Երևանի քաղաքապետին, Գյումրու, Վանաձորի, Ջերմուկի և Արարատի քաղաքային համայնքների ղեկավարներին` ուշադրության կենտրոնում պահել նշված գործընթացը, ինչպես նաև թափանցիկության ապահովման նպատակով կազմակերպել տարածքային մակարդակում աջակցող ցանցի ձևավորման, սոցիալական համագործակցության համաձայնագրերի կնքման աշխատանքները, դրանցում հնարավորինս մասնակից դարձնելով առավել ակտիվ հասարակական  կազմակերպություններին և տվյալ մարզում հարգանք վայելող անձանց:

 

ԿԻՍՎԵԼ