Տարեցների միջազգային օրվա առիթով նախարարության համակարգի տունինտերնատներում և խնամքի ու սպասարկման այլ հաստատություններում ավանդաբար տեղի  են ունենում հանդիսավոր ու տոնական միջոցառումներ:

ՀՀ ԱՍՀ նախարարի տեղակալ Ջ. Բաղդասարյանն ու նախարարության պատասխանատուներն այցելեցին Նորքի տուն-ինտերնատ` բնակիչներին շնորհավորելու և ուրախությունը միասին կիսելու: Նորքի տուն-ինտերնատն ունի    230 բնակիչ, ովքեր շրջապատված են աշխատակազմի հոգատարությամբ ու ջերմությամբ: Ընտանեկանին մոտ ստեղծված կենցաղային պայմաններն  ու անձնակազմի ամենօրյա ուշադրությունը տարեցների առօրյան դարձնում է բովանդակային և լեցուն: Տոնի առիթով տնօրինության կողմից վերանորոգվել էր գրադարանը, որը վերազինվել էր բազմաթիվ արժեքավոր գրքերով: Նախարարության պատասխանատուները ևս գրքեր նվիրեցին նորաբաց գրադարանին: Տարեցների օրը լիարժեք դարձնելու նպատակով միջոցառմանը հրավիրվել էին երգիչներ, ասմունքի և պարի համույթներ: Այս անգամ բնակիչների տոնը յուրահատուկ էր. բոլորը հրավիրված էին իրենց ընկերների` 76-ամյա Էմմա Աբրահամյանի և 80-ամյա Կառլեն Հարությունյանի պսակադրության արարողությանը: Այս հաստատությունում շատերն են գտել իրենց կյանքի ընկերոջը և այդ տարիքում կրկին ամուսնացել:

Շնորհավորելով բոլորին տոնի առիթով և ցանկանալով քաջառողջություն նախարարի տեղակալ Ջ. Բաղդասարյանը հավաստեց. “Պետությունն անում է առավելագույնը, որպեսզի ձեր ծերությունը լինի երջանիկ, արժանապատիվ ու անհոգ: Ստեղծվելու են նոր սոցիալական ծառայություններ, որոնք հնարավորություն կտան ձեր առօրյան ավելի հագեցած դարձնելու համար, հոգալու ձեր առողջության և այլ կարիքները: Սա այն օրն է, երբ մենք կարող ենք մեկ անգամ ևս մեծարանքի խոսքեր ասել ձեզ, ավելի ուշադիր լինել ձեր նկատմամբ: Ուզում եմ ձեզ միշտ տեսնել ուրախ, երջանիկ ու առողջ: Իսկ նորապսակներին ցանկանում եմ ամուր և երջանիկ ընտանիք”:

Ի դեպ` Հայաստանն ունի տարեցների համար բավականին կայացած սոցիալական պաշտպանության համակարգ` տուն ինտերնատներ, տնային սպասարկման ծառայություններ, ցերեկային կենտրոններ: Առաջիկայում ՀՀ կառավարության նիստին է ներկայացվելու տարեցների սոցիալական սպասարկման և ծառայությունների նոր տեսակներ ներդնելու հայեցակարգը, որով նախատեսվում է տարբեր սկզբունքներով գործող սոցիալական ծառայությունների տեսակների ներդրում` ընտանիքում ապրող տարեցների համար շուրջօրյա խնամք, վճարովի հանգստյան տներ, սատարող ընտանիքներ և այլն: Բացի այդ, ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ իրականացվում է նաև “Կրթություն ողջ կյանքի ընթացքում” ծրագիրը, քանի որ ցանկացած տարիքում կարելի է կրթություն ստանալ: Մշակված քաղաքականության հիմքն այն է, որ տարեց մարդու պոտենցիալը պետք է լիովին օգտագործվի:

ԿԻՍՎԵԼ