ՈՒՂԵՐՁ

Հարգելի բարեկամներ,

Այսօր, դեկտեմբերի 3-ը, հաշմանդամների միջազգային օրն է, որն աշխարհում նշվում է 1992 թվականից` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ:

Թույլ տվեք նախարարության և անձամբ իմ անունից Ձեզ բոլորիդ, հանրապետության բոլոր հաշմանդամություն ունեցող անձանց մաղթել առողջություն և բարեկեցություն:

Ձեր հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետության կառավարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ուշադրության կենտրոնում են: Հոգատարության և աջակցության կարիք ունեն բոլոր հաշմանդամները, այդ թվում` մեր ազգի այն քաջարի զավակները, որոնք հաշմանդամ դարձան Հայրենիքը պաշտպանելիս և որոնց առջև պետությունը, մենք բոլորս, կրկնակի բարոյական պատասխանատվություն ենք կրում:

Այսօր մեր պետությունն անում է հնարավորը`  լուծելու հասարակության խոցելի խմբերի, այս դեպքում` հաշմանդամ մարդկանց խնդիրները, որոնք  բազմազան են` սկսած շրջակա միջավայրի մատչելիության և հավասար պայմանների ապահովումից, մինչև բժշկասոցիալական վերականգնման միջոցառումների իրականացում, զբաղվածության խնդիրների լուծում: Առավել կարևոր է հասարակության կողմից հաշմանդամ մարդկանց նկատմամբ ճիշտ վերաբերմունքի ձևավորումը, այն իրողության գիտակցումը, որ համապատասխան պայմաննների առկայության դեպքում հաշմանդամություն ունեցող անձը կարող է լիարժեքորեն ինտեգրվել հասարակություն, աշխատել, արարել: Սա է մեր գերխնդիրը և այս ուղղությամբ պետք է աշխատեն ինչպես պետական կառույցները, այնպես էլ հաշմանդամների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունները:

“Հաշմանդամներն ունեն հավասար իրավունքներ”, – սա սոսկ  խոսք չէ: Հիմնվելով մեր ազգային արժեքների վրա,  օգտագործելով զարգացած երկրների փորձը` մենք պետք է ստեղծենք այնպիսի հասարակություն, որտեղ հաշմանդամը կապրի լիարժեք կյանքով:

Ավարտելով խոսքս` մեկ անգամ ևս Ձեզ և Ձեր մերձավորներին մաղթում եմ առողջություն, վստահություն ապագայի հանդեպ,  որը կերտվում է այսօր, մեր համատեղ ջանքերով:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

Ա. Ասատրյան

03.12.2012թ.

ԿԻՍՎԵԼ