Աշխատանքի տոնավաճառ Աբովյան քաղաքում

2010թ. հոկտեմբերի 29-ին, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում պետական բյուջեի ֆինանսավորմամբ և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության “Զբաղվածության պետական ծառայություն” գործակալության նախաձեռնությամբ տեղի կունենա աշխատանքի տոնավաճառ, որի նպատակն է առաջարկել.

  • աշխատանք փնտրողներին` հանդիպել թափուր աշխատատեղ առաջարկող գործատուների հետ, ծանոթանալ գործազուրկների համար իրականացվող զբաղվածության ծրագրերին,
  • գործատուներին` գտնել համապատասխան հմտություններով  մասնագետներ:

Աշխատանքի տոնավաճառը մեծ նշանակություն ունի մարզի տնտեսական զարգացման հարցում: Լինելով գովազդային հրաշալի միջոց, այն հետաքրքրություն կարող է առաջացնել ներդրողների շրջանում և մեծացնել տվյալ տարածքում ներդրումների հավանականությունը: Այն միջոց է ակտիվացնելու գործատու- զբաղվածության պետական ծառայություն համագործակցությունը, որից միայն կշահի տվյալ  տարածքի աշխատաշուկան, տնտեսությունը:

Եթե աշխատանք փնտրողները տվյալ պահին չգտնեն համապատասխան աշխատանք, նրանք կարող են կապեր հաստատել տարբեր գործատուների հետ, տեղեկանալ կանխատեսվող աշխատատեղերի, գործատուների պահանջների վերաբերյալ և ըստ այդ տեղեկությունների վերանայել իրենց հմտությունները:

Զբաղվածության պետական ծառայությունը առաջին անգամ աշխատանքի տոնավաճառ իրականացրել է  2007 և 2008թթ. ԱՄՆ ՄԶԳ և ՀԲ ծրագրերի շրջանակներում, որից հետո, ծրագրի կարևորությունից և արդյունքներից ելնելով, այն  ամրագրվեց որպես պետական ծրագիր: 2009թ. հանրապետության տարբեր վայրերում (Վանաձոր, Արտաշատ, Գյումրի, Դիլիջան, Կապան, Հրազդան) իրականացվել է 6 աշխատանքի տոնավաճառ, որոնց մասնակցել է շուրջ 220 գործատու, 10750  աշխատաք փնտրող: Գործատուների կողմից ներկայացված թափուր աշխատատեղերի թիվը կազմել է 1360, իսկ կանխատեսվողը` 2100: Տոնավաճառների արդյունքում աշխատանքի են տեղավորվել շուրջ 400 աշխատանք փնտրող:

Այս աշխատանքի տոնավաճառը 2010թ.  ընթացքում նախատեսված տոնավաճառներից հինգերորդն է, որին մասնակցելու հայտ են ներկայացրել  38 գործատու: Ներկայացված թափուր աշխատատեղերի թիվը շուրջ 130 է, իսկ կանխատեսվողը` 34:  Կանխատեսվում է, որ տոնավաճառին կմասնակցի շուրջ 2500 աշխատանք փնտրող:

Եվս 4 աշխատանքի տոնավաճառ իրականացվել է Հայաստանի Հանրապետության 4 մարզերում` Գավառում` հունիսի 18-ին, Վանաձորում` հուլիսի 7-ին, Իջևանում` օգոստոսի 18-ին, Գյումրիում` սեպտեմբերի 8-ին:  Գավառի տոնավաճառին մասնակցել են շուրջ 55 գործատու և շուրջ 800 աշխատանք փնտրող, ներկայացվել էր շուրջ 230 թափուր աշխատատեղ: Արդյունքում աշխատանքի է տեղավորվել 61 անձ:

Վանաձորի տոնավաճառին մասնակցել է 39 գործատու և շուրջ 3000 աշխատանք փնտրող, ներկայացվել է շուրջ 615 առկա և 132 սպասվող թափուր աշխատատեղ: Համաձայն Վանաձորի զբաղվածության մարզային կենտրոնից ստացված տվյալների` տոնավաճառի արդյունքում աշխատանքի է տեղավորվել 67 անձ:

Իջևանի տոնավաճառին ներկայացված թափուր աշխատատեղերն էին շուրջ 70-ը, իսկ 50-ը` կանխատեսվող: Տոնավաճառին մասնակցեցին շուրջ 2500 աշխատանք փնտրող: Տոնավաճառի արդյունքում աշխատանքի է ընդունվել 26 անձ:

Գյումրիի տոնավաճառին մասնակցելու հայտ էին ներկայացրել 33 գործատու: Ներկայացված թափուր աշխատատեղերի թիվը շուրջ 119 էր, իսկ կանխատեսվողը` 140:  Տոնավաճառին մասնակցեց շուրջ 3000 աշխատանք փնտրող: Արդյունքում աշխատանքի է տեղավորվել 66 անձ: Տոնավաճառին մասնակցեցին նաև Գյումրու հանրակրթական դպրոցների բարձր դասարանների աշակերտներ: Բարձր դասարանցիները տոնավաճառին հնարավորություն ունեցան ծանոթանալու ՀՀ աշխատաշուկայի իրավիճակին, զբաղվածության կարգավորման պետական ծրագրերին և ստանալու խորհրդատվություն մասնագիտական կողմնորոշման և աշխատանք փնտրելու հմտությունների վերաբերյալ:

ԿԻՍՎԵԼ