Մայիսի 25-ին Երևան քաղաքում կկազմակերպվի աշխատանքի տոնավաճառ` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության “Զբաղվածության պետական ծառայություն” գործակալության և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի /ՀՊՏՀ/ համագործակցությամբ:

Տոնավաճառի  նպատակն է աջակցել.

–  աշխատանք փնտրողներին, մասնավորապես երիտասարդներին, հանդիպել գործատուների հետ, ծանոթանալ և դիմել առաջարկվող առկա և սպասվող թափուր աշխատատեղերի համար, ընդգրկվել տարբեր գործատուների տվյալների բազայում` առաջիկայում աշխատանքի առաջարկ ստանալու ակնկալիքով,

–  գործատուներին` գտնել համապատասխան հմտություններով մասնագետներ, ստեղծել որակյալ մասնագետների տվյալների բազա,

–  տնտեսագիտական համալսարանին` ծանոթանալ գործատուի կողմից մասնագետին ներկայացվող պահանջներին,

–  գործակալությանը` ավելի հասցեական ու նպատակաուղղված դարձնել զբաղվածության  ծրագրերը:

Աշխատանքի տոնավաճառին կմասնակցեն 50 գործատու և շուրջ 2000 աշխատանք փնտրող: Գործատուների կողմից  կներկայացվի շուրջ 220 առկա և 10 սպասվելիք թափուր աշխատատեղ:

Երևանում  2013թ.-ի մայիսի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 20931, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 16.3%-ով (24341 մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ նվազել է 3.4 %-ով (21706 մարդ): Գործազուրկների թվաքանակը կազմում է  աշխատանք փնտրողների 88.4%-ը կամ 18494 մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 19.0 %-ով (22016 մարդ):  Շարունակում է բարձր մնալ  գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի  74.9%-ը, կամ 13857 մարդ:

Գործազուրկների թվաքանակում մեծ թիվ են կազմում ինժեներները, բուժքույրերը, տնտեսագետները, հաշվապահները, մանկավարժները, իրավաբանները, մեքենագրուհիները, տեխնիկները,  վաճառողները, վարորդները և այլն: Աշխատանք փնտրողների թվաքանակի մեջ մեծ թիվ են կազմում աշխատաշուկայում անմրցունակ անձինք, մասնավորապես 3 տարուց ավելի գործազուրկի  կարգավիճակում  գտնվող անձանց թիվը մայիսի 1- ի դրությամբ կազմել է 2791 մարդ կամ 15.1%, հաշմանդամություն ունեցող անձինք`  360 մարդ կամ  չզբաղվածների 1.9 %-ը: Տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 1632 աշխատանք փնտրող:

ԿԻՍՎԵԼ