Նախարարն ընդունեց Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանն ընդունեց Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Բասսամ Մուհամադ Ալ Քաբանդիին:

Այցին նախորդել էր ՀՀ ԱԳՆ-ի կողմից կազմակերպված հանդիպում ՀՀ-ում Քուվեյթի Պետության դեսպանությունում, որի ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջ. Բաղդասարյանը ներկայացրել էր Հայաստանում գործող սոցիալական պաշտպանության համակարգը, ներկա իրավիճակը և առկա խնդիրները, քննարկվել էին նաև երկու երկրների միջև հնարավոր համագործակցության շրջանակները, մասնավորապես` սոցիալական ոլորտում միջգերատեսչական պայմանագրի մշակման և նախարարության ենթակայության տուն-ինտերնատներին աջակցելու հարցըեր:

Նախարարի հետ հանդիպման սկզբում դեսպանը տեղեկացրեց, որ երկու առաջարկն էլ ընդունվել է իր երկրի կողմից: Նա հանգամանորեն ներկայացրեց տուն-ինտերնատների շենքային պայմանների բարելավման համար աջակցություն ստանալու ընթացակարգը, վստահեցրեց, որ կանի հնարավորը` հարցին դրական լուծում տալու համար և տեղեկացրեց, որ համապատասխան դիմումի ձևն արդեն ուղարկված է հայկական կողմին: Այն լրացնելուց և քուվեյթյան կողմին տրամադրելուց հետո կսկսվեն համաձայնեցման աշխատանքները:

Նախարարը շնորհակալություն հայտնեց արագ արձագանքելու և բարի կամք դրսևորելու համար:

– “Վստահ եմ, որ տարեցների նկատմամբ վերաբերմունքը երկու երկրներում միանման է, նույնն են նաև պարտավորությունները` բարեկեցիկ ծերություն ապահովել նրանց համար: Ուրախ եմ, որ կարող ենք համագործակցել այս ծրագրի շրջանակներում: Հետագա համագործակցության ուղիները կարող ենք ավելի առարկայական քննարկել”, – նշեց պարոն Ասատրյանը:

Անդրադառնալով երկրորդ հարցին` սոցիալական պաշտպանության ոլորտի գերատեսչությունների համագործակցության կայացմանը, պարոն Ալ Քաբանդին

պատրաստակամություն հայտնեց աջակցել փոխադարձ այցելությունների, փորձի փոխանակման, համագործակցությունը պայմանագրային հիմքերի վրա դնելու աշխատանքներին:

Պարոն Ասատրյանը վստահեցրեց հյուրին, որ հայկական կողմը պատրաստակամ է բարեկամ երկրի համապատասխան կառույցների հետ գործընկերային հարաբերություններ հաստատելու և համագործակցությունը կայուն հիմքերի վրա դնելու գործում:

ԿԻՍՎԵԼ