Աշխատանքի տոնավաճառ Կապան քաղաքում

2009թ. նոյեմբերի 4-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքում առաջին անգամ պետական բյուջեի ֆինանսավորմամբ և “Զբաղվածության պետական ծառայություն” գործակալության նախաձեռնությամբ տեղի կունենա աշխատանքի տոնավաճառ, որին կմասնակցեն 47 գործատուներ: Խոշոր գործատուներից Կապանի բժշկական կենտրոնը ներկայացնում է 12 թափուր աշխատատեղ, Քաջարանի բժշկական կենտրոնը` 9 թափուր աշխատատեղ: Տոնավաճառին մասնակցում են նաև Կապանի պղնձամոլիբդենային կոմբինատը, “Դինո գոլդ մայնինգ” ընկերությունը, ինչպես նաև գործատուներ մարզի մյուս քաղաքներից: Տոնավաճառին ընդհանուր թվով կներկայացվեն 182-ից ավելի թափուր աշխատատեղեր: Կանխատեսվում է, որ այցելուների թվաքանակը կգերազանցի 3000-ը:

Տոնավաճառի նպատակն է առաջարկել.

–     աշխատանք փնտրողներին հանդիպել թափուր աշխատատեղ առաջարկող գործատուների հետ, տեղեկանալ մեծահասակների կրթության հնարավորությունների մասին, ծանոթանալ ընդհանրապես գործազուրկների համար իրականացվող զբաղվածության ծրագրերին և հասցեկան ծրագրերին, ինչպիսիք են` հաշմանդամների, երիտասարդների և աշխատաշուկայում այլ անմրցունակ խմբերի զբաղվածությանն աջակցող ծրագրերը,

–     գործատուներին գտնել համապատասխան հմտություններով  մասնագետներ:

Ս/թ. սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին պետական բյուջեի ֆինանսավորմամբ տոնավաճառներ են անցկացվել Գյումրի, Դիլիջան, Վանաձոր, Արտաշատ քաղաքներում: Ընդհանուր առմամբ տոնավաճառներին մասնակցել են 143 գործատու, շուրջ 7900 աշխատանք փնտրող, գործատուների կողմից ներկայացվել են 2321 թափուր աշխատատեղ և 2255 սպասվող աշխատատեղ: Նշված տոնավաճառների արդյունքում 123 աշխատանք փնտրող տեղավորվել է աշխատանքի:

Գյումրիում տոնավաճառին մասնակցեցին 30 գործատու, և շուրջ 3000 աշխատանք փնտրող: Ներկայացվեց 1220 թափուր աշխատատեղ: Համաձայն Գյումրու զբաղվածության մարզային կենտրոնից ստացված տվյալների ներկա պահին Գյումրիում տոնավաճառի արդյունքում աշխատանքի է տեղավորվել 48 մարդ:

Դիլիջանում տոնավաճառին մասնակցեցին 30 գործատու և շուրջ 1000 աշխատանք փնտրող, ներկայացվել է շուրջ 35 առկա թափուր աշխատատեղ և շուրջ 45` սպասվող: Դիլիջանում տոնավաճառի արդյունքում աշխատանքի են տեղավորվել 8 անձ:

Վանաձորի զբաղվածության մարզային կենտրոնից ստացված տվյալների համաձայն` տոնավաճառի արդյունքում աշխատանքի է տեղավորվել 67 անձ, 13 գործատուներ հավաքագրել են աշխատանք փնտրողների տվյալներ և կանխատեսվում է, որ առաջիկայում աշխատանքի կտեղավորվի ևս 150 անձ:

Արտաշատում մասնակցում էին 35 գործատու, ներկայացված թափուր աշխատատեղերի թիվն էր շուրջ 70, տոնավաճառ այցելած աշխատանք փնտրողների թիվը գերազանցում էր 600-ը: Ներկա պահին տոնավաճառի արդյունքները ամփոփվում են:

Նախորդ երկու տարիներին “Զբաղվածության պետական ծառայություն” գործակալության կողմից միջազգային համագործակցության շրջանակներում իրականացված աշխատանքի տոնավաճառների արդյունքներն ապացուցում են աշխատանքի տոնավաճառի կենսունակությունը, որպես զբաղվածության կարգավորման ակտիվ միջոցառում և գործիք: Համաձայն ԶՊԾԳ տվյալների` Երևանում 2007թ. հոկտեմբերի 13-ին ԱՄՆ ՄԶԳ Սոցիալական Պաշտպանության Համակարգերի Հզորացման/ՍՊՀՀ/ ծրագրի շրջանակներում TSG-ի և 13 գործընկերների հետ համատեղ իրականացված տոնավաճառի արդյունքում աշխատանքի է տեղավորվել 89 անձ, 2008թ. ՀԲ ՍՊՈԿ ծրագրի զբաղվածության բաղադրիչի շրջանակներում գերմանական GVG կազմակերպության միջոցով Աբովյան, Գորիս, և Երևան քաղաքներում իրականացված 3 տոնավաճառների արդյունքում Աբովյանում աշխատանքի է տեղավորվել 34 անձ, Երևանում` 60 անձ, Գորիսում` 67 անձ: 2008թ. հոկտեմբերի 14-ին Գյումրիում ԱՄՆ ՄԶԳ ՍՊՀՀ ծրագրի շրջանակներում կազմակերպված աշխատանքի տոնավաճառի արդյունքում աշխատանքի են ընդունվել 55 անձ:

ԿԻՍՎԵԼ