Նախարարի առաջին տեղակալը հանդիպել է ԲՍՓ աշխատակիցների հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության տարածքային մարմինների աշխատակիցների հետ:

Քննարկման առանցքում եղել են շահառուների խորհրդատվության տրամադրման, բժշկասոցիալական փորձաքննության գործընթացի, հաշմանդամության խմբի սահմանման ընթացակարգին առնչվող մի շարք հարցեր։

Հանդիպման մասնակիցները ներկայացրել են ոլորտային խնդիրները, քննարկել դրանց հնարավորինս արագ  և արդյունավետ լուծումման տարբերակները։

Բարձր գնահատելով ԲՍՓ աշխատակիցների կողմից տարվող աշխատանքն ու  մասնավորապես՝ այս օրերի գերծանրաբեռնված գրաֆիկը՝ Տաթևիկ Ստեփանյանն առաջնահերթ է համարել արդյունավետ աշխատանքի շարունակականությունը։

Մասնագիտական պարտականությունների պատշաճ կատարումից զատ՝ նախարարի տեղակալը կարևորել է քաղաքացիների նկատմամբ հոգատար և սրտացավ վերաբերմունքը։

Աշխատանքների պլանավորման գործընթացում ընդգծվել են նաև հետպատերազմյան շրջանի առաջնահերթությունները, քննարկվել ակնկալվող արդյունքին հասնելու մեխանիզմները։

 

ԿԻՍՎԵԼ