Սևան քաղաքում բացվեց համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնը

Այսօր տեղի ունեցավ Սևանի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի (ՀՍԾՏԿ) բացման արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, փոխնախարար Աննա Ժամակոչյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը, Սոցիալական ապահովության ծառայության (ՍԱԾ) պետ Անի Ամիրշադյանը, ԱՍՀՆ սոցիալական պաշտպանության վարչարարության ծրագրերի համակարգող Վահագն Ստեփանյանը և այլք։

Սևանի տարածքային կենտրոնը՝ որպես ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի մաս կազմող տարածքային կառույց, սոցիալական ծառայություններ է տրամադրելու Գեղարքունիքի մարզի Սևանի տարածաշրջանի 14 բնակավայրերի մոտ 40 հազար բնակիչներին:

Նորաբաց կենտրոնում ներառված են սոցիալական 4 ծառայություններ՝ սոցիալական ապահովության տարածքային բաժինը, զբաղվածության տարածքային կենտրոնը, բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովը և սոցիալական աջակցության տարածքային գործակալությունը:  Նոր ստեղծվող Ինտեգրված սոցիալական ծառայությունների գրասենյակը մեկ պատուհանի միջոցով կտրամադրի բոլոր այն ծառայությունները, որոնք մինչ այս տրամադրվում էին տարբեր հասցեներում գտնվող և տարբեր գերատեսչությունների ենթակայությամբ գործող տարբեր գրասենյակները:

Այստեղ, ընդհանուր առմամբ, աշխատելու է մոտ 19 աշխատակից: Շահառուների ընդհանուր թիվը կազմում է մոտավորապես 13 հազար մարդ:

ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Նաիրյան փողոց 164 հասցեում տեղակայված վարչական շենքի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 655 քառ. մետր:  Կենտրոնի համար հատկացված շինությունը գտնվում է Սևանի քաղաքային համայնքի կենտրոնական մասում, շրջակայքում կան բնակելի շենքեր և հասարակական կառույցներ: Ճանապարհը դեպի կենտրոն ասֆալտապատ է: Շինաշխատանքների ընդհանուր բյուջեն կազմել է շուրջ 67 մլն դրամ:

Նշենք, որ Հայաստանի մի քանի մարզերում 2020 թ.-ին կբացվի և շահագործման կհանձնվի  Համալիր սոցիալական ծառայությունների 9 գրասենյակ։ Դրանք լինելու են Ստեփանավանում, Մեղրիում, Սևանում, Մարտունիում, Գորիսում, Ապարանում, Գավառում, Դիլիջանում և Իջևանում։ Ամբողջ Հայաստանում նախատեսվում է Համալիր սոցիալական ծառայությունների 49 գրասենյակ կառուցել։ Դրանցից 7-ը լինելու են Երևանում, իսկ մնացած 42-ը ՀՀ մարզերում:

Ներկայում կա 14 շինհրապարակ, որտեղ կառուցվում են կենտրոնները. 3 կենտրոն մրցութային փուլում է, 4-ը՝ նախագծային և 5-ը՝ տարածքի հստակեցման փուլերում։ Կառուցվել և շահագործման է հանձնվել 23 կենտրոն:

2021 թ.-ին Համալիր սոցիալական ծառայությունների գրասենյակներ կկառուցվեն Ջերմուկում, Բերդում, Կապանում, Արթիկում, Եղեգնաձորում, Աշտարակում, Աբովյանում, Վաղարշապատում, Սիսիանում, Վայքում, Երևան քաղաքի Նոր Նորք, Արաբկիր, Էրեբունի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում։

Համաշխարհային բանկի տրամադրած թիվ 5398-ԱՄ ֆինասավորման համաձայնագրի հիման վրա իրականացվող Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագիրը մեկնարկել է 2014 թ.-ին: Ըստ համաձայնագրի՝ ՀԲ-ի կողմից տրամադրվող վարկային միջոցները կազմում են 19.03 մլն ԱՄՆ դոլար:

ԿԻՍՎԵԼ