Տեղի է ունեցել երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի նիստը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ տեղի է ունեցել երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի  առցանց նիստ, որը վարել է նախարար Զարուհի Բաթոյանը:

Մինչ օրակարգային հարցերին անցնելը՝ նախարարը շնորհակալություն է հայտնել կորոնավիրուսի համավարակի տարածման ընթացքում երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցառումների իրականացման ընթացքում դրսևորված միջգերատեսչական համագործակցության, ինչպես նաև՝ միջազգային և տեղական կազմակերպությունների կողմից տրամադրված աջակցության համար:

Նախարարը կարևորել է նաև երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի վերաբերյալ ընթացող իրավական գործընթացում գրանցված առաջընթացը և շեշտել, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, իր իրավասությունների շրջանակներում, անելու է ամեն բան՝ այս գործերի լիարժեք քննության և բացահայտման համար: Զ. Բաթոյանը վերահաստատել է որդեգրման գործընթացում համակարգային փոփոխություններ կատարելու՝ նախարարության պատրաստակամությունը՝ հետագայում նման դեպքերի բացառման և երեխայի լավագույն շահի պաշտպանության նպատակով:

Անցնելով նիստի օրակարգին՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը ներկայացրել է համավարակի պայմաններում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին և նրանց ընտանիքներին տրամադրվող ծառայությունների շարունակականության ապահովման և նոր միջոցառումների ձեռնարկման հնարավորությունը:

Այնուհետև ՀՀ Ոստիկանության քրեկան հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանն անդրադարձել է երեխաների մուրացիկության դեմ պայքարի, փողոցային առևտրով զբաղվող երեխաների հիմնահարցերի կարգավորման մեխանիզմներին՝ կորոնավիրուսի համավարակի պայմաններում:

ՀՀ ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման վարչության երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը նիստի մասնակիցներին է ներկայացրել կորոնավիրուսի ստացիոնար բուժում ստացող մայրերի երեխաների (խնամքի կարիք ունեցող) խնամքը  բուժհաստատություններում կազմակերպելու հնարավորության հարցը:

ԿԻՍՎԵԼ