Տեղի ունեցավ երիտասարդների, կանանց զբաղվածության հարցերով խորհրդի առաջին նիստ

Տեղի ունեցավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից երիտասարդների, կանանց զբաղվածության խորհրդի առաջին առցանց նիստը:

Նիստին  մասնակցում էին ԱՍՀ նախարարության, Զբաղվածության պետական գործակալության,  երիտասարդների, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, զբաղվածության փորձագետներ, ինչպես նաև այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ, մասնավորապես փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, ԿԳՄՍ, Էկոնոմիկայի, ՏԿԵ նախարարություններից:

Նիստը վարում էր ՀՀ ԱՍՀ նախարար Զարուհի Բաթոյանը: Բացման խոսքում նախարարը նշեց, որ Խորհրդի ստեղծման նպատակն է բարելավել զբաղվածության ոլորտի պետական ծրագրերը, ինչը հնարավոր չէ  առանց ոլորտի փորձագետների, մասնագետների, երկար ժամանակ ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների,  հետազոտողների:

Նախարարն  հատկապես կարևորեց ‹‹Աշխատիր Հայաստան›› ռազմավարական  ծրագրի իրականացման գործընթացը, որտեղ երիտասարդների,  կանանց զբաղվածության հարցերի շուրջ միջգերատեսչական համագործակցությունից բացի, կարևոր է նաև Խորհրդի դերը:

Հանդիպման ընթացքում Խորհրդի անդամները ներկայացրեցին երիտասարդների, կանանց զբաղվածության հիմնախնդիրների ոլորտում իրենց աշխատանքային փորձը, կարողությունների և հմտությունների զարգացմանն ուղղված ծրագրում իրենց մասնակցությունը, հաջողված ծրագրերը,  ինչպես նաև Խորհրդում գտնվելու իրենց նպատակները:

ԱՍՀ նախարարի առաջին տեղակալ Ռուբեն Սարգսյանը, անդրադառնալով Խորհրդի հիմնական գործառույթներին, առանձնացրեց Խորհրդի կողմից  հանձնաժողովների, աշխատանքային խմբերի ձևավորման, զբաղվածության պետական ծրագրերի, ինչպես նաև նոր ծրագրերի մշակման, զբաղվածության ոլորտում միջոցառումների իրականացման գործառույթները:

ԱՍՀՆ Զբաղվածության պետական գործակալության աշխատաշուկայի  վերլուծության, կանխատեսման և  գնահատման բաժնի պետ Հասմիկ Թադևոսյանը ներկայացրեց ՀՀ երիտասարդների, կանանց զբաղվածության հիմնախնդիրները՝ հիմնված ԶՊԳ տարեկան հաշվետվությունների արդյունքների վրա, որին հաջորդեց Խորհրդի անդամների մասնակցությամբ քննարկումը, հարց ու պատասխանը:

Քննարկման շրջանակներում զբաղվածության փորձագետ Արեգ Թադևոսյանը  խոսեց մասնագիտական կողմնորոշման, կրթական համակարգի և աշխատաշուկայի անհամապատասխանության, զբաղվածության ոլորտում մատուցվող ծառայությունների որակի բարձրացման անհրաժեշտության մասին: Նա կարևորեց նաև աշխատաշուկայի միտումներին համապատասխանող ենթակառուցվածքների ներդրումը երկրում, որոնց արդյունքը պետք է լինի  այդ միտումներին համապատասխանող հմտությունների  ձևավորումը:

Խորհրդի անդամները կարևորեցին նաև  գործատուների, բուհերի, ՀԿ-ների հետ համագործակցությամբ ծրագրերի իրականցումը, այլ շահագրգիռ անձանց կամ կազմակերպությունների մասնակցությունը զբաղվածության քաղաքականության տարբեր փուլերում,  աշխատանք ունեցող անձանց շարունակական զարգացմանն ուղղված, հաշմանդամություն ունեցող անձանց համար երկարաժամկետ ծրագրերի ներդրումը, զբաղվածության պետական ծրագրերի վերանայումը, մասնագիտական կողմնորոշման համակարգի բարելավման խնդիրները, հանրակրթության ոլորտում զբաղվածության համար կարևոր կրթական չափորոշիչների առկայությունը, միջգերատեսչական համագործակցությունը:

Զբաղվածության փորձագետ, Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնի տնօրեն Մարինա Գալստյանը զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագրերից բացի, կարևորեց  ծրագրերի՝ աշխատանքի որակի վրա շեշտադրված լինելու հանգամանքը, քանի որ հետազոտությունների համաձայն աշխատանք ունեցող երիտասարդների զբաղվածությունը չի ապահովում նրանց ֆիանսական անկախությունը, նրանց շարունակական զարգացումը, մրցունակության բարձրացումը:

Ամփոփելով նիստը՝ նախարար Բաթոյանն առանձնացրեց մի քանի  կարևոր հանգամանք: Նա նշեց, որ  նախարարությունը կարևորում է  զբաղվածության պետական ծրագրերի բարելավման անհրաժեշտությունը, ինչպես նաև այնպիսի ծրագրերի ներդրումը, որոնք համապատասխանում են ժամանակակից աշխատաշուկայի միտումներին:

Կարևորելով  բուհերի հետ համագործակցության զարգացման հնարավորությունը՝ Նախարարը ներկայացրեց արդեն առկա դրական փորձը. ‹‹Նախարարությունն ունի բուհերի հետ ստորագրված հուշագիր, մասնավորապես սոցիալական աշխատանքի,  սոցիալական աշխատողի մասնագիտության զարգացման համար: Համագործակցությունը բուհերի հետ կա և,  իհարկե ամբողջությամբ ազատ ենք դա զարգացնելու համար››:

Նախարարը նշեց, որ Խորհուրդն ունի կարևոր առաքելություն երիտասարդների, կանանց զբաղվածության  ոլորտում առկա տեղեկատվության, փորձի և գիտելիքի  վեր հանման համար: Առանձնակի կարևորվեց այդ փորձի վրա հիմնված զբաղվածության նոր ծրագրերի, գաղափարների մշակումն ու  ներկայացումը: Առաջիկա երկու շաբաթների ընթացքում Խորհրդի անդամները ԱՍՀ նախարարությանը կներկայացնեն երիտասարդների կանանց զբաղվածությանն ուղղված նոր գաղափարներ և ծրագրեր, որոնք կամփոփվեն մեկ ամիս անց՝ Խորհրդի անդամների հետ համատեղ քննարկման շրջանակնրում:

ԿԻՍՎԵԼ