«Հանրային դասի» շրջանակներում աշակերտները կկարողանան դիտել նաև «Մասնագիտական կողմնորոշում» տեսադասերը

Առաջիկա օրերին առաջին ալիքի եթերում հեռարձակվող «Հանրային դասի» շրջանակներում աշակերտները կկարողանան դիտել նաև «Մասնագիտական կողմնորոշում» տեսադասերը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոնը «Հանրային դասի» ընթացքում ներկայացնում է աշակերտների մասնագիտական կողմնորոշմանն ուղղված երեք տեսադաս՝ «Մասնագիտության գիտակցված ընտրություն», «Ինքնաճանաչում» և «Կրթություն և աշխատաշուկա» թեմաներով։

Թեև մասնագիտական կողմնորոշումը մեկանգամյա գործողություն չէ, այլ երկարաժամկետ և շարունակական գործընթաց, այնուամենայնիվ երեք դասադասերի ընթացքում փորձ է արվել խմբավորել հիմնական խնդիրները՝ աշակերտներին ներկայացնելով մասնագիտության գիտակցված ընտրության բանաձևը, դրա վրա ազդող գործոնները։ Տեսադասերի ընթացքում տրվել են նաև առաջադրանքներ ինքնուրույն աշխատանքի համար։

Տեսադասերի բովանդակության հիմքը կենտրոնի կողմից մշակված  «Հանրակրթական դպրոցներում մասնագիտական կողմնորոշման աշխատանքների ուսումնամեթոդական ուղեցույցն» է։

Հուսանք, որ «Մասնագիտական կողմնորոշում» թեմայով հանրային այս դասերը օգտակար կլինեն աշակերտների, նաև ծնողների համար։

ԿԻՍՎԵԼ