Առանց գենդերային բաղադրիչի ներառման՝ հասարակության սոցիալ-տնտեսական զարգացումը չի կարող լիարժեք լինել․ Ժաննա Անդրեասյան

«Գենդերային հավասարության ապահովումը կարևոր խնդիր է, քանի որ անհավասարությունն ու խտրականությունը, ռեսուրսների և հնարավորությունների անհամաչափ հասանելիությունը հասարակության առաջընթացի լուրջ խոչընդոտներ են։ Եվ քանի որ մեր հասարակության առաջնային խնդիրներից է կայուն սոցիալ- տնտեսական զարգացման ապահովումը, առանց գենդերային բաղադրիչի ներառման այն չի կարող լիարժեք լինել»,- այս մասին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ Գենդերազգայուն բյուջետավորման (ԳԶԲ) վերաբերյալ իրազեկման սեմինարի ժամանակ։

Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է Հայաստանում գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023 թվականների ռազմավարությունը՝ արժևորելով գենդերային քաղաքականության առաջնահերթ ուղղություններն ու հասարակական կյանքի բոլոր ոլորտներում կանանց և տղամարդկանց իրավունքների ու հնարավորությունների իրացման նպաստավոր պայմանների ստեղծումը։ Նախարարի տեղակալը կարևորել է ռազմավարական ծրագրով առաջարկվող այն միջոցառումների իրականացումը, որոնք ուղղված են հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքի բոլոր ոլորտներում գենդերային բաղադրիչի ներառմանը, գենդերային հավասարության հասնելու ազգային մեխանիզմի ստեղծմանը և այլն։

«Երբ քննարկում էինք երեխաների պաշտպանության ոլորտում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող ծրագրերը՝ մասնավորապես, երեխաների մուտքը հաստատություններ կանխարգելելու քաղաքականությունը, փորձում էինք հասկանալ՝ արդյոք այն ունի՞ սեռային բաշխվածություն, ավելի հաճախ աղջիկներն են ընտանիքից դուրս մնո՞ւմ, թե՞ տղաները։ Սա պարզ հարց է, բայց ցույց է տալիս գենդերային զգայուն բյուջետավորման այն արդյունքը, որը կարող ենք ունենալ և այն արդյունավետությունը, որը կարող ենք ապահովել կոնկրետ քաղաքականությունների մակարդակում»,- պարզաբանել է Ժաննա Անդրեասյանը։

Հայաստանում Եվրամիության պատվիրակության համագործակցության վարչության պետի տեղակալ Գրեգորի Ցուրիսը համոզմունք է հայտնել, որ քննարկումը ևս մեկ քայլ է լինելու դեպի առաջ և որ առաջընթաց է արձանագրելու բյուջետային գործընթացի բարելավման առումով։

«Եվրամիության համար սա շատ կարևոր ոլորտ ու թեմա է, որովհետև գենդերային հավասարության ապահովումը, ինչպես նաև բոլոր տեսակի խտրականությունների վերացումը Եվրամիության կողմից տրամադրվող օժանդակության հիմնասյուներից է։ Շատ ուրախ ենք տեսնել, որ Հայաստանը վերանայել է գենդերային քաղաքականությունը 2019-2023 թվականների համար, որն ուղղված է գենդերային անհավասարության նվազեցմանը և խտրականության բոլոր դրսևորումների դեմ պայքարին։ Պետք է նկատել, որ գենդերազգայուն բյուջետավորումը ներառում է ոչ միայն տնտեսական, այլև սոցիալական «օգուտները» և ավելի շատ տեղեկացված լինելով՝ հնարավոր է համապատասխան միջոցառումներ ձեռնարկել և լուծել ոլորտում առկա խնդիրները»,- նշել է Գրեգորի Ցուրիսը։

Սեմինարի ընթացքում ներկայացվել է գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023 թվականների ռազմավարության գերակայությունները՝ կանանց առաջխաղացման ազգային մեխանիզմի կատարելագործման, սոցիալ-տնտեսական ոլորտում գենդերային խտրականության հաղթահարման, կանանց տնտեսական հնարավորությունների ընդլայնման, գենդերային խտրականության կանխարգելման, առողջապահության ոլորտում կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ և այլն։

Կարևորվել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց աշխատաշուկա վերադառնալու հնարավորությունների ընդլայնման, գործատուների շրջանում հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ կարծրատիպերի վերացման, կնոջ տնտեսական դերի արժևորման, գյուղաբնակ կանանց տնտեսական հնարավորությունների ընդլայնման, պտղի սեռով պայմանավորված՝ հղիության արհեստական ընդհատումների թվի իջեցման ապահովումը։

Սեմինարի մասնակից կողմերը ռազմավարության իրականացման արդյունավետության կարևոր նախապայման են համարել պետական տարբեր կառույցների միջև միջգերատեսչական սերտ համագործակցությունը, ինչպես նաև ակտիվ կապը պետական, մասնավոր և հասարակական սեկտորների միջև։

ԿԻՍՎԵԼ