Քննարկվել է «Հայրենիքի պաշտպան» ծրագրի շրջանակներում համագործակցության հնարավորությունը

«Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության հարցը մեր ուշադրության կենտրոնում է: Օրերս այդ թեմայով քննարկում ենք ունեցել Գյումրիում, այսօր էլ հանդիպելու ենք գործատուների հետ՝ քննարկելու հաշմանդամություն ունեցող անձանց համար զբաղվածության ոլորտում առավել մեծ հնարավորությունների ստեղծման, այդ ընթացքում առաջացող խնդիրները և դրանց լուծման ուղիները: Մեզ համար շատ կարևոր է, որ այս խնդիրը դիտարկվի համակարգային իմաստով՝ շեշտը դնելով նախ կրթության, մասնագիտական կողմնորոշման կամ հմտությունների զարգացման վրա, քանի որ հաշմանդամություն ունեցող անձինք, հաճախ, ի վիճակի չեն լինում իրացնել իրենց կրթական իրավունքը»,- «Երևան իմ սեր» հիմնադրամի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Նախարարը նշել է, որ հիմնադրամի կուտակած փորձը՝ «Հայրենիքի պաշտպան» ծրագրի շրջանակներում՝ տեղեկատվության հավաքագրման, կարիքների գնահատման և դասընթացների կազմակերպման մասով, արժեքավոր կարող է լինել պետության համար՝ հետագա քայլերի մշակման և քաղաքականության վերանայման իմաստով.

«Ուրախ եմ, որ համագործակցության հնարավորություն արդեն իսկ ունենք՝ երեխաների համար նախատեսված  ծառայությունների  ոլորտում, քանի որ մեր կարևոր նպատակը տարբեր խմբերի համար ծառայություններն առավել հասանելի դարձնելն է՝ դրանք պատվիրակելու միջոցով: Համոզված եմ, որ հայրենիքի պաշտպանության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած մեր հայրենակիցների համար նախատեսված  ծրագրերի հարցում ևս արդյունավետ համագործակցություն կարող ենք ունենալ»,- ասել է նախարարը:

«Երևան իմ սեր» հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանը ներկայացրել է ծրագրի հիմնական ուղղությունները, արդեն գրանցված ձեռքբերումները, ինչպես նաև ծառայության ընթացքում վիրավորում ստացած կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց վերաբերյալ միասնական տեղեկատվական բազա հիմնելու անհրաժեշտությունը՝ անհատական կարիքների գնահատումն ու աջակցության ցուցաբերումն առավել հասցեական և արդյունավետ իրականացնելու համար.

«Մի քանի տարի առաջ նմանօրինակ զրույցները քաղաքավարության նշան կարող էին թվալ, սակայն այսօր վստահաբար կարող ենք ասել, որ դրանք համագործակցության սկիզբն են ազդարարում: Մենք բազմաթիվ ծրագրեր ենք իրականացնում, որոնցից մեկն էլ Երևանում անցյալ տարի մեկնարկած փորձնական ծրագիրն է՝ «Հայրենիքի պաշտպանը», որի հիմնական նպատակը հայրենիքի պաշտպանության ընթացքում վիրավորում ստացած, հաշմանդամություն ձեռք բերած երիտասարդների կրթական, մասնագիտական կողմնորոշման և զբաղվածության խնդիրների լուծումն է՝ հիմնվելով նրանց կարիքների գնահատման և կարողությունների վերհանման վրա: Այսօր կարող ենք վստահաբար ասել, որ Երևանի մասշտաբով մեր ունեցած տվյալներն ամբողջական են, սակայն մարզերում նույն գործընթացն իրականացնելու համար հիմնադրամը Ձեր աջակցության կարիքն ունի»,- ասել է Արշակ Կարապետյանը և շեշտել, որ դա կարող է դառնալ մասնավոր-պետություն համագործակցության լավ օրինակ:

Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով շարունակել քննարկումները՝ համագործակցության վերաբերյալ՝ հիմքում դնելով սահմանների պաշտպանության ընթացքում վիրավորված անձանց աջակցության ընդհանուր մղումը և երկու կառույցների կուտակած փորձը:

Նշենք, որ «Երևան իմ սեր» հիմնադրամի «Հայրենիքի պաշտպան» ծրագրի նպատակն է աջակցել զինվորական ծառայության ընթացքում վիրավորում, վնասվածք, հիվանդություններ ստացած զինծառայողներին՝ նրանց ուսուցանել նոր հմտություններ, որից հետո աշխատանք ունենալու հնարավորություն ընձեռել,  որպեսզի տղաները կարողանան ակտիվ մասնակցել հասարակական կյանքին:

Ծրագրի առաջին փուլում իրականացվել են եռամսյա դասընթացներ, որոնց մասնակցել են Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժվող և  լուսանկարչություն, օպերատորություն ու համակարգչային մոնտաժ սովորել ցանկացող տղաները:

ԿԻՍՎԵԼ