Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության հարցում հիմնական խնդիրը նրանց կարիքների ճիշտ և շարունակական գնահատումն է. Արման Ուդումյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանը Գյումրու «Էմիլի արեգակ» կենտրոնում հանդիպել է հաշմանդամություն ունեցող անձանց՝ քննարկելու հաշմանդամություն ունեցող անձանց աշխատաշուկայում ներառման հիմնախնդիրները:

«Հաշմանդամություն ունեցող անձանց ներառումը աշխատաշուկայում. խնդիրներ, լուծումներ» թեմայով հանդիպմանը մասնակցել են ԱԺ պատգամավոր Սոֆյա  Հովսեփյանը, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, ԱՍՀՆ Զբաղվածության պետական գործակալության պետի պաշտոնակատար Արտակ. Սիմոնյանը:

Փոխնախարար Ուդումյանը ներկայացրել է հաշմանդամություն ունեցող անձանց աշխատաշուկայում ներառման հետ կապված հիմնախնդիրները և կարևորել ծառայություններ մատուցող կազմակերպությունների ֆինանսական կայունության և տեղական սոցիալական ցանցերի ստեղծման անհրաժեշտությունը։

Նա ներկայացրել է նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար իրականացվող ծրագրերում կատարված փոփոխությունները, որոնցով բարելավվել են ծրագրերի ընթացակարգերը:

Մարզպետ Տ. Պետրոսյանը ևս, անդրադառնալով խնդրին, կարևորել է տարբեր շահագրգիռ կառույցների համատեղ շարունակական աշխատանքը:

Քննարկման ընթացքում հաշմանդամություն ունեցող անձանց կողմից բարձրացվել են բազմաթիվ հարցեր, ինչպես, օրինակ, հաշմանդամություն ունեցող անձանց համար փորձաշրջանի սահմանումը, հոգեբանական աջակցության անհրաժեշտությունը թե՛ աշխատավայրում, թե՛ ընտանիքներում:

Գործատուների, ՀԿ-ների ներկայացուցիչները հանդես են եկել առաջարկներով, ինչպես, օրինակ, հարկային արտոնությունների տրամադրումը, տնայնագործական աշխատանքի խրախուսումը, աշխատատեղերի հարմարեցումը, մասնագիտություն ստանալու հնարավորությունների մեծացումը:

Ամփոփելով միջոցառումը՝ Ա. Ուդումյանը անդրադարձել է բարձրացված բոլոր հարցադրումներին և նշել, որ հիմնախնդիրների լուծումը, առաջին հերթին, հաշմանդամություն ունեցող անձի հետ շարունակական աշխատանքն է՝ նրա կարիքների գնահատման ճանապարհով:

ԿԻՍՎԵԼ