Ուրախ կլինենք ձեր հաջողության պատմությանը մասը դառնալու. դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենե

«Շատ ուրախ եմ նախարարությունում Ձեզ ընդունելու համար, չնայած, որ ոչ պաշտոնական միջավայրում բազմիցս հանդիպել ենք: Ուրախ եմ, որ այսպիսով հնարավորություն ենք ստեղծում սոցիալական պաշտպանության ոլորտում մեր երկու պետությունների համագործակցությունը խորացնելու և առավել արդյունավետ դարձնելու համար: Մենք արդեն իսկ համագործակցության լավ հիմք ունենք զբաղվածության և փորձի փոխանակաման ոլորտում, և համոզված եմ, որ մյուս ոլորտներում ևս մեզ արդյունավետ համագործակցություն է սպասվում՝ հաշվի առնելով երկկողմ պատրաստակամությունը, որ կա»,- այս մասին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ընդունելով Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին, ասել է նախարար Զարուհի Բաթոյանը:

Նախարարը նշել է, որ հատկապես աշխատանքային վեճերի կարգավորման հարցում Լիտվայի փորձը հետաքրքիր և օրինակելի է: Համագործակցության մյուս հնարավոր ուղղությունները կարող են լինել երեխաների իրավունքների պաշտպանությանը և կանանց սոցիալ-տնտեսական հզորացմանն ուղղված ծրագրերը:

«Շատ ուրախ եմ, որ ինձ բախտ վիճակվեց առաքելությունս ստանձնել Հայաստանում՝ այս հյուրընկալ երկրում, հատկապես այս ժամանակահատվածում: Օտարների համար՝ ինչպիսին նաև ես եմ, դժվար է պատկերացնել այն ամենն, ինչ տեղի է ունենում այսօր Հայաստանում: Ես շատ ուրախ եմ հանդիպել այսքան նվիրված և կիրթ մարդկանց, ովքեր պատրաստ են աշխատելու՝ ջանք չխնայելով: Այս զգացողությունն ինձ հիշեցնում է իմ հայրենի Լիտվայում տարիներ առաջ առկա տրամադրությունները, որոնք մենք, ցավոք, վերջերս  կորցրել ենք: Այն ժողովրդավարական փոփոխությունները, որ տեղի ունեցան Հայաստանում, մեզ համար համագործակցության նոր հնարավորություններ ստեղծեցին: Ուրախ կլինենք մեր ներդրումն ունենալու այն բարեփոխումներում, որ տեղի են ունենում Հայաստանում և ձեր հաջողության պատմության մասը դառնալու»,- ասել է դեսպան Ստանիտե-Տոլոչկիենեն:

Նշենք, որ երկու երկրների միջև աշխատանքի և սոցիալական պաշտպանության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրը կնքվել է 2017 թ.-ին, որի համաձայն կողմերը պայմանավորվել են համագործակցել զբաղվածության խթանման, գործազրկության դեմ պայքարի, կենսաթոշակային համակարգի կայունացման և արդիականացման, սոցիալական աջակցության և նպաստների համակարգի զարգացման ուղղությամբ:

ԿԻՍՎԵԼ