Ս/թ դեկտեմբերի 26-ին տեղի ունեցավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը: Օրակարգը հաստատելուց հետո առաջին հարցի մասին զեկուցումով հանդես եկավ սոցիալական աջակցության վարչության պետ Ա. Մինասյանը:

Նա ներկայացրեց ՀՀ վերահսկիչ պալատի կողմից Արարատի և Գեղարքունիքի մարզերում կատարված վերահսկողության արդյունքները, ինչպես նաև սխալ նշանակված նպաստների գումարների հետգանձման մեխանիզմերի վերաբերյալ նախարարության առաջարկները: Կոլեգիայի անդամների կողմից եղան առաջարկություններ: Որոշվեց.

1.առաջարկել ՀՀ մարզպետներին`

ա/անձնական հսկողության տակ վերցնել ընտանեկան նպաստի նշանակման և վճարման գործընթացի` ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանության, ավել վճարված գումարների հետգանձման հարցերը, ապահովել սոցիալական ծառայությունների տարածքային մարմինների և բնակչության պետական ռեգիստրի տեղական ստորաբաժանումների, ինչպես նաև անշարժ գույքի պետական կադաստրի տարածքային ստորաբաժանումների հետ համագործակցված աշխատանք:

բ/տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով բարելավել բնակավայրի հասցեավորման գործընթացը, ինչպես նաև ակտիվացնել աղքատ ընտանիքների հայտնաբերումը:

2.Հանձնարարել ՀՀ ԱՍՀՆ աշխատակազմի ռազմավարական ծրագրերի և մոնիթորինգի ու սոցիալական աջակցության վարչությունների պետերին.

ա/եռօրյա ժամկետում կազմել համապատասխան գրություններ` ուղղված ՀՀ մարզպետներին

բ/ՀՀ վերահսկիչ պալատի կողմից ՀՀ մարզերում, ինչպես նաև Երևան քաղաքում սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններում իրականացված ուսումնասիրությունների ավարտից հետո արդյունքները 7-օրյա  ժամկետում ներկայացնել ՀՀ ԱՍՀ նախարարին:

  • “Երեք և ավելի երեխա ունեցող ընտանիքներին պետական աջակցություն տրամադրելու հայեցակարգի” մասին զեկուցեց ժողովրդագրության բաժնի պետ Վ. Բաբաջանյանը: Նոր հայեցակարգի նպատակն է` սահմանել երեք և ավելի երեխա ունեցող ընտանիքներին տրամադրվող աջակցության հիմնական ուղղությունները` բնակարանի ձեռքբերման, բնակարանային պայմանների բարելավման, երեխաների վճարովի կրթության հնարավորությունների սահմանումով: Հայեցակարգով նախատեսվում է երրորդ և հաջորդ երեխաների համար տրամադրել տարբերակված ընտանեկան դրամագլուխ, ինչը մեծապես կնպաստի ժողովրդագրական խնդիրների լուծմանը:

Որոշվեց. նախագիծն ուղարկել ՀՀ կառավարություն:

  • “Ծերացման հիմնախնդիրների վերաբերյալ և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարության” մասին ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի վերաբերյալ զեկուցեց աշխատակազմի հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ Ա. Գևորգյանը:Որպես նորամուծություններ տիկին Գևորգյանը նշեց ծերաբանության և ծերաբուժության ինստիտուտի վերականգնումը, սոցիալական տների ցանցի ստեղծումը, որոշակի խմբերի տարեցների համար խնամքի տրամադրման սահմանափակումների վերացումը:

Որոշվեց. նախագիծը վերախմբագրել և ներկայացնել ՀՀ Կառավարություն

Նիստի վերջում ՀՀ ԱՍՀ նախարարը շնորհակալություն հայտնեց կոլեգիայի անդամներին` տարվա ընթացքում արդյունավետ աշխատելու համար: “Մեր բոլոր քննարկումները եղել են շահագրգիռ, անդրադարձել ենք սոցիալական պաշտպանության ոլորտի օրախնդիր հարցերին, գտել լուծումներ, կարողացել ենք խուսափել ձևական մոտեցումներից: Օգտվելով առիթից շնորհավորում եմ բոլորիս Ամանորն ու Սուրբ Ծնունդը, մաղթում առողջություն, երազանքների իրականացում”,- նշեց պարոն Գրիգորյանը:

ԿԻՍՎԵԼ