Աշխատանքի անցնելուց հետո քաղաքացին վեց ամիս նպաստից չի զրկվի

Ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի աշխատունակ անդամներն աշխատանքի անցնելու դեպքում կշարունակեն վեց ամիս նպաստ ստանալ, սակայն երկու անգամ համապատասխան աշխատանք առաջարկելու և մերժում ստանալուց հետո պետությունը կդիտարկի նպաստից զրկելու տարբերակը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկած այս նախագիծը հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից։

«Նախագծով առաջարկվում է հնարավորություն տալ ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի աշխատունակ անդամներին աշխատանքի անցնելու դեպքում վեց ամիս շարունակ ստանալ նպաստ: Այս փոփոխությամբ, ընտանիքի աշխատունակ, բայց գործազուրկի կարգավիճակ ունեցող անդամի հետ Զբաղվածության պետական գործակալությունը աշխատանք պետք է տանի: Աշխատանքի անցնելու դեպքում ևս վեց ամիս նպաստ կտրամադրվի, սակայն այն պարագայում, երբ անձը կհրաժարվի երկու աշխատանքի առաջարկից, տեղի կունենա անապահովության միավորի կտրուկ նվազում՝ հանգեցնելով նաև նպաստի իրավունքի կորստի»,- պարզաբանել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Նախարարի տեղեկացմամբ՝ փոփոխությունը ուժի մեջ կմտնի 2020 թվականի ապրիլի 1-ից։

Նշենք, որ որոշման համաձայն, կսահմանափակվի նաև սոցիալական որևէ խումբ չունեցող քաղաքացիների՝ նպաստի համակարգում ընդգրկվելու հնարավորությունը և աջակցությունը կուղղվի ավելի շատ կարիքավոր խմբերի: Ի դեպ, նպաստառուների ցանկ մուտք գործելու համար հաշվի կառնվի նաև 100,000 դրամ և ավելի միջին ամսական վարկային մարում կատարելու հանգամանքը:

 

 

ԿԻՍՎԵԼ