Քննարկվել է Հանրապետական կոլեկտիվ պայմանագրի նախագիծը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի է ունեցել Հանրապետական եռակողմ հանձնաժողովի հերթական նիստը՝ Կառավարության, Գործատուների հանրապետական միության և Արհմիությունների կոնֆեդերացիայի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հանդիպմանը ներկայացվել է Մոսկվայում կայացած «Եռակողմ սոցիալական երկխոսության խթանում» խորագրով եռակողմ միջտարածաշրջանային համաժողովի արդյունքները, ինչպես նաև քննարկվել Հանրապետական կոլեկտիվ պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկությունները։

«Պայմանագրի բովանդակության հետ կապված մի քանի աշխատանքային հանդիպումներ ենք ունեցել, բավականին աշխատանք է տարվել և հիմնական կետերով համաձայնության ենք եկել պայմանագրի տեքստի շուրջ։ Գործատուների հանրապետական միության և Արհմիությունների կոնֆեդերացիայի ներկայացուցիչների կողմից նաև ստացել ենք առաջարկներ՝ տեխնիկական և բովանդակային հարցերի վերաբերյալ»,- տեղեկացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը։

Քննարկման ընթացքում կողմերը կարևորել են սոցիալական գործընկերության դերը՝ շահերի հավասարակշռման, սոցիալական արդարության ապահովման և խնդիրների արդյունավետ լուծման գործում։ Էական է համարվել նաև սոցիալ-աշխատանքային և սոցիալ-տնտեսական հարաբերությունների կայուն զարգացումը՝ զբաղվածության մակարդակի բարձրացմամբ, աղքատության կրճատմամբ, աշխատանքային իրավունքների պաշտպանությամբ և այլն։

ԿԻՍՎԵԼ