538 սոցիալական աշխատող և բժիշկ է վերապատրաստվել՝ Համաշխարհային բանկի կողմից իրականացված ծրագրի շրջանակում

«Իրականացված ծրագիրը մինչև 5 տարեկան երեխաների թերսնուցման փաստի կամ դրա սպառնալիքի հայտնաբերմանն էր վերաբերում։ Գիտենք, որ մինչև 5 տարեկան հասակում է ձևավորվում մարդու օրգանիզմը, իսկ մենք ուզում ենք ունենալ որակյալ ու առողջ սերունդ։ Սոցիալական աշխատողների համագործակցությունը միայն բուժաշխատողների հետ չէ, որովհետև թերսնուցման պատճառները շատ են․ այն բռնության, առողջական խնդիրների, աղքատության և գիտելիքի պակասի հետևանք կարող է լինել»,- այս մասին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը՝ «Սոցիալական աշխատողը որպես վաղ տարիքում ներդումների խթանման սկզբնակետ. քաղված դասեր» ծրագրի քննարկման ժամանակ։

Ծրագիրը Հայաստանում իրականացրել է Համաշխարհային բանկը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ։ Դրա շրջանակում 538 սոցիալական աշխատող և բժիշկ է վերապատրաստվել Երևանում, Արարատում, Լոռիում և Գեղարքունիքում՝ ծանոթանալով բազմաոլորտային սոցիալական դեպքերի վարման մոտեցումներին՝ մինչև հինգ տարեկան երեխաների և/կամ հղի կանանց շրջանում թերսնուցման, ինչպես նաև՝ երեխաների զարգացման հապաղման հետ կապված ռիսկերի բացահայտման և լուծման նպատակով։

«Համաշխարհային բանկը պատրաստ է շարունակել համագործացությունը։ Արդեն իսկ նոր ծրագիր է պատրաստվում, որը ուղղված է լինելու ավելի զարգացնել սոցիալական աշխատողների՝ որպես դեպք վարողների կարողությունները, որպեսզի ավելի ակտիվ կապ ապահովեն ընտանիքների հետ և ճիշտ ներկայացնեն մինչև 5 տարեկան երեխայի սնուցման կարգը։ Սոցիալական աշխատողներն անմիջական շփում ունեն և ամենամոտն են կանգնած այդ  ընտանիքներին, նրանք կարող են խոսել, բացատրել ճիշտ սնուցման եղանակները»,-պարզաբանել է Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ, ծրագրի ղեկավար Մադալենա Հոնորատին։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը ներկայացրել է սոցիալական աջակցության ոլորտում նախարարության կողմից իրականացվող նոր ծրագրերն ու բարեփոխումները։ Նա կարևորել է ընտանիքի սոցիալական կարիքների գնահատման միասնական համակարգի ձևավորումը, տնային այցելությունների ֆինանսավորումը, սոցիալական ծառայությունների տրամադրման պատվիրակումը և ընթացիկ այլ բարեփոխումների իրականացումը։

ԿԻՍՎԵԼ