Ընտանիքին տրվող սոցիալական աջակցությունը անմիջական կապ պետք է ունենա երկրի տնտեսության հետ. Ժաննա Անդրեասյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի նիստ, որին մասնակցել են տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Օրակարգում ներառված էին սոցիալական աջակցության ոլորտում տեղի ունեցող օրենսդրական փոփոխությունների, անապահովության գնահատման համակարգի և սոցիալական աջակցության նոր մոտեցման հարցերը:

Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, նախքան օրակարգի հարցերին անդրադառնալը նիստի մասնակիցներին ներկայացրել է օրերս ՀՀ կառավարության հավանությանն արժանացած մի շարք օրենքներում կատարված փոփոխությունների փաթեթը:

«Օրենսդրական փոփոխությունները հնարավորություն  են տալու նախարարության իրավասության ներքո ունենալ սոցիալական կարիքի գնահատման միասնական գործառույթ: Այն երկար ժամանակ եղել է տարբեր մարմինների աշխատանքային նկարագրում և պարտականություններում, որն իր ազդեցությունն է ունեցել տրամադրվող սոցիալական ծառայությունների որակի և հասցեականության վրա: Սա մեծ ինստիտուցիոնալ փոփոխության սկիզբ է, որին հաջորդելու է նաև միասնական սոցիալական գրասենյակի ստեղծումը, որը սոցիալական կարիքի գնահատման համար կդառնա հիմնական օղակ և կիրականացնի իրապես ինտենսիվ և որակյալ գործընթաց»,- նշել է նախարարի տեղակալը:

Նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը ներկաներին մանրամասնել է «Պետական նպաստների մասին» և «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքներում իրականացված փոփոխությունները: Նախապես ներկայացրել է աղքատության իրավիճակն ու պատկերը, համընդհանուր սոցիալական ծառայությունները:

«Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների՝ ընտանիքի գնահատման միասնական համակարգի ստեղծման, տնային այցելությունների, սոցիալական ծառայությունների պատվիրակման միջոցով կբարձրանան աշխատանքի որակի թափանցիկությունն ու վերահսկողությունը: Որպես փոփոխություն նշվել են նաև սոցիալական բնակարանաշինության նոր մոտեցումներն ու տարբերակումները, մասնավորապես, հիփոթեքային վարկի ամբողջական կամ մասնակի հատուցման, բնակարանի վկայագրի տրամադրման կամ վարձակալության, պայմանագրային հիմունքներով սոցիալական տան տրամադրման ձևերը:

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները վերաբերում էին  ընտանիքի կայուն եկամուտի դրամագլխի ձևավորմանը, դրամական միջոցների ծավալին, այն ստանալու իրավունք ունեցող անձին: Համապատասխան փոփոխության արդյունքում կվերացվեն նաև կրկնվող նպաստների տեսակները:

Անապահովության գնահատման համակարգի և սոցիալական աջակցության նոր մոտեցումների մասին հանդիպման ընթացքում խոսել է Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրեն Արման Սարգսյանը: Նա անդրադարձել է նպաստների համակարգի գնահատման նոր մեթոդաբանությանն ու կառուցակարգերին, գործող և առաջարկվող համակարգերի տարբերությանը: Ներկայացրել է նաև աղքատության վերացման լուծման տարբերակները՝ ընտանիքի եկամուտների ճիշտ հաշվարկներ, եկամտի վրա հիմնված անապահովության սոցիալական վճարի գնահատման նոր մեթոդ, նպաստի նոր չափերի բաշխման ձևեր:

Նիստում քննարկված օրենսդրական նախաձեռնություններն ու նախագծերը ըստ Ժաննա Անդրեասյանի իրականցվել են գաղափարական հենքի վրա:

«Ընտանիքին տրվող սոցիալական աջակցությունը անմիջական կապ պետք է ունենա երկրի տնտեսության և ընտանիքի եկամուտի հետ: Պետք է ստեղծել պարզ, նպատակային, որակյալ ու հասցեական նպաստների համակարգ: Դրամային աջակցություն տրամադրել կոնկրետ խմբերի և քիչ ձևով: Ընտանիքներին տալ սոցիալական աջակցության այլ ծառայություններ, որոնք կնպաստեն նրանց հզորացմանն ու կայացմանը»,- ամփոփել է նախարարի տեղակալը:

ԿԻՍՎԵԼ