Զարուհի Բաթոյանը Մուհամետգելդի Այազովի հետ քննարկել են սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավորությունները

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետգելդի Այազովի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Բաթոյանը նշել է, որ երկու երկրների բազմամյա համագործակցությունը և համատեղ անցյալը կարող են լավ հիմք դառնալ սոցիալական պաշտպանության ոլորտում նոր համատեղ ծրագրերի իրականացման համար.

«2019 թ.-ը բավականին ակտիվ էր տարբեր ոլորտներում հայ-թուրքմենական համագործակցության իմաստով: Տարբեր մակարդակներում արդյունավետ հանդիպումներ են եղել և՛ Հայաստանում, և՛ Թուրքմենստանում: Այս համատեքստում մենք բավականին լավ հնարավորություններ ենք տեսնում նաև սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության համար»,- ասել է նախարարը:

Կողմերը քննարկել են հատկապես զբաղվածության ոլորտին և աղքատության հաղթահարմանն առնչվող հարցեր, կարևորել երկու երկրների կուտակած փորձը:

«Մենք համագործակցության շատ լավ փորձ ունենք մշակույթի, կրթության, մարդասիրական ոլորտներում: Այս իմաստով մեզ համար շատ կարևոր է Ձեզանից լսել համագործակցության պատրաստակամության վերաբերյալ այս խոսքերը: Ինչպես գիտեք, Թուրքմենստանը ևս ԱՄԿ անդամ է, վավերացրել է աշխատանքի և զբաղվածության վերաբերյալ մի շարք կոնվենցիաներ, որոնց այսօր մոտարկում է ազգային օրենսդրությունը: Այս առումով, համոզված եմ, մեր երկրների միջև համագործակցության լայն հնարավորություններ կան»,- ասել է դեսպան Այազովը:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում ավելի ակտիվ, աշխատանքային քննարկումներ ունենալ՝ հստակ ծրագրեր ներկայացնելու համար:

ԿԻՍՎԵԼ