Այս կառավարությունը ամենաերեխայակենտրոն կառավարությունն է, և մենք ձեզ համարում ենք մեր գործընկերը. Զարուհի Բաթոյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը մասնակցել է Երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի կողմից կազմակերպված գագաթաժողովին և ամփոփիչ ելույթ ունեցել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Մենք անսահման սիրում ենք երեխաներին, նրանցով ենք ապրում, բայց Հայաստանում դեռևս կան երեխաներ, որոնք առողջապահական ծառայությունների կարիք ունեն, երեխաներ, ումից հրաժարվում են ծնողները՝ հաշմանդամության պատճառով։ Մեր երկրում դեռևս ապրում են երեխաներ, որոնք չեն հաճախում դպրոց, որոնք ենթարկվում են բռնության։ Ցավոք, կան երեխաներ, որոնց ձայնը դեռևս լսելի չէ։

Սիրելի՛ երեխաներ, դուք արդեն մասնակցել եք երկրում իրականացվող փոփոխություններին, դրա վառ ապացույցը նախորդ տարի գարնանը ոչ բռնի, Թավշյա հեղափոխությանը ձեր մասնակցությունն էր։ Այո, երեխաներն իրավունք ունեն մասնակցելու քաղաքացիական, հասարակական և քաղաքական կյանքին և կառավարությունը գնահատում է ձեր ներդրումը այդ փոփոխություններում։

Հայաստանի Կառավարությունն արդեն քայլեր է ձեռնարկել մինչև 18 տարեկան երեխաների բուժումն անվճար դարձնելու ուղղությամբ, քայլեր է ձեռնարկել ներառական կրթությունը նոր թափով և որակով զարգացնելու համար, հստակ ձևակերպել է երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքը իրացնելու իր նպատակը։

Այս կառավարությունը ամենաերեխայակենտրոն կառավարությունն է, և մենք ձեզ համարում ենք մեր գործընկերը, ուստի ակնկալում ենք ստանալ ձեր առաջարկներն ու աջակցությունը՝ բոլոր ոլորտներում քաղաքականության մշակման և իրականացման համար»։

ԿԻՍՎԵԼ