Մեր նպատակը բոլոր երեխաների կրթությունը հանրակրթական դպրոցներում կազմակերպելն է․ Զարուհի Բաթոյան

«20 տարի առաջ, երբ մենք առաջին քայլերն էինք անում Հայաստանում ներառական կրթությունը ներդնելու համար, և ես սեմինարներ էի վարում դպրոցներում, ամենակարևոր շեշտադրումը, որ փորձում էի երեխաների շրջանում անել, այն էր, որ խնդիրը ոչ թե մարդու մեջ է, այլ՝ միջավայրի։ Այսինքն, որպեսզի մենք կարողանանք ներառել բոլորին, պետք է փոխենք միջավայրը, իսկ միջավայրն առաջին հերթին մարդիկ են և նրանց վերաբերմունքը»,- այս մասին «Փոխի՛ր աշխարհը» իրազեկման արշավի շրջանակում հայտարարված դպրոցական շարադրությունների մրցույթի մրցանակաբաշխության ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

Նշենք, որ ներառական կրթության խրախուսման և զարգացման նպատակով իրականացված իրազեկման արշավը նախաձեռնել էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակը, որի շրջանակում հանրապետության շուրջ 700 դպրոցահասակ երեխաներ մասնակցել են «Իմ ընկեր․․․» թեմայով շարադրությունների մրցույթին։

«Չափազանց կարևոր է, որպեսզի ներառական կրթությունը և բարեփոխումների համակարգը ընթանան ճիշտ ճանապարհով, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի զգա բարեփոխումների սպառիչ արդյունքը, իսկ դրա կարևորագույն երաշխիքներից է ճիշտ իրազեկումը, առավել ևս սկզբունքների ճիշտ ապահովումը։ Որևէ երեխա չպետք է դուրս մնա կրթությունից կամ զրկվի այդ հնարավորությունից միայն այն պատճառով, որ սոցիալական կամ առողջական վիճակով պայմանավորված։ Մենք պետք է վերացնենք այն կարծրատիպերը, որ մշտապես ուղեկցել են և ցավոք, շատ հարցերում շարունակում են ուղեկցել մեզ։ Մենք պետք է գնահատենք յուրաքանչյուր երեխայի արժանապատվությունը, յուրաքանչյուր երեխայի ներուժը»,-նշել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Մրցանակաբաշխության ընթացքում նախարար Զարուհի Բաթոյանը նաև կարևորել է ներառական կրթության զարգացմանն ուղղված միջոցառումների կազմակերպումը՝ առանձնահատուկ կերպով շեշտադրելով մասնագիտացված մանկատների երեխաների կրթության իրավունքը հանրակրթական դպրոցներում իրացնելը։

«Մեր նպատակն է բոլոր երեխաների կրթությունը կազմակերպել հանրակրթական դպրոցներում: Առկա դժվարությունները պետք է հաղթահարենք՝ թույլ չտալով, որպեսզի դրանք մեզ հետ պահեն յուրաքանչյուր երեխայի համար կրթության հնարավորություն ապահովելու մեր պարտավորությունից»,- ասել է նախարարը։

ԿԻՍՎԵԼ