Մեկնարկել է ԵՏՄ «Աշխատանք առանց սահմանների միասնական որոնման համակարգ» ծրագիրը

Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում արդեն մեկնարկել է «Աշխատանք առանց սահմանների միասնական որոնման համակարգ» ծրագրային նախաձեռնությունը, որի հիմնական նպատակն է ընդլայնել ԵՏՄ անդամ պետությունների քաղաքացիների աշխատանքի որոնման հնարավորությունները։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահի օգնականներ Այնուր Ժետպիսովայի և Վիկտոր Գրիդնյովի, նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների վարչության խորհրդատու Աննա Միշինայի հետ՝  քննարկելով ծրագրի մանրամասներն ու համագործակցության հետագա քայլերը։

Նշենք, որ «Աշխատանք առանց սահմանների միասնական որոնման համակարգի» հայկական բաժնի տեխնիկական կողմը կապահովի «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամը։

«Շատ կարևոր է, որ այս աշխատանքներին մասնակցում է նաև ՀՀ կառավարությունը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն ու «ԷԿԵՆԳ»-ը։ Սա նաև շատ լավ ձևաչափ է՝ երկրում Զբաղվածության պետական գործակալության, «Նորք» տեղեկատվական կենտրոնի, մյուս շահագրգիռ բաժինների ու ենթակառուցվածքների համատեղ աշխատանքի համար»,- նշել է Արման Ուդումյանը։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի օգնական Այնուր Ժետպիսովան շնորհակալություն է հայտնել հայկական կողմին՝ նախաձեռնությանը մասնակցելու պատրաստակամության համար, նաև տեղեկացրել, որ մինչև տարեվերջ ծրագրի կազմակերպչական մասը կավարտվի և 2020 թվականից կսկսվի որոնման համակարգի լայնածավալ ու ակտիվ գործունեությունը։

«Մենք ձգտում ենք, որպեսզի ԵՏՄ անդամ բոլոր պետությունները մասնակցեն ծրագրին, որպեսզի այն առավել արդյունավետ լինի։ Այդ երկրների քաղաքացիները հնարավորություն կունենան իրենց հայեցողությամբ, իրենց ցանկությամբ գտնել աշխատանք, իսկ գործատուները կկարողանան առաջարկել թափուր աշխատատեղեր կամ աշխատանքի ընդունել ԵՏՄ անդամ պետությունների քաղաքացու»,- պարզաբանել է Ա․ Ժետպիսովան։

Այսպիսով, «Աշխատանք առանց սահմանների միասնական որոնման համակարգի» ներդրումը կընդլայնի ԵՏՄ անդամ պետությունների քաղաքացիների աշխատանքի որոնման հնարավորությունները, նաև կմեծացնի գործատուների կողմից առաջարկվող թափուր աշխատատեղերի համալրման տարբերակների շրջանակը, թույլ կտա ներմուծել ԵՏՄ անդամ պետությունների աշխատաշուկաների փոխգործակցության ժամանակակից և արդյունավետ թվային գործիքներ, նաև կաջակցի ԵՏՄ անդամ պետությունների աշխատանքային ռեսուրսների ազատ տեղաշարժին։

ԿԻՍՎԵԼ