Մենք գիտակցում ենք, որ ապաինստիտուցիոնալացումը բարդ գործընթաց է, բայց նաև գիտենք՝ սա այլընտրանք չունի. Զարուհի Բաթոյան

«Երեկ կառավարության նիստի ընթացքում շատ կարևոր որոշում կայացվեց. լուծարվեցին Հայաստանում գործող 4 գիշերօթիկ հաստատություններ և 1 մանկատուն: Ուրախ եմ Ձեզ հանդիպել հենց այսօր, քանի որ ապաինստիտուցիոնալացման այս  գործընթացի հիմքում մի գաղափար է, որը միավորում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ու «ՍՕՍՄանկական Գյուղեր» հիմնադրամին. այն է՝ երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացումը: Մեզ համար կարևոր և արժեքավոր է այն փորձը, որ այս տարիներին կուտակել են հասարակական կազմակերպությունները, քանի որ նրանք ավելի մոտ են եղել շահառուներին, քան պետությունը», – այս մասին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ընդունելով «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հիմնադրամի պատվիրակությանը՝ ասել է նախարար Զարուհի Բաթոյանը:

Նախարարը տեղեկացրել է, որ  հատուկ հաստատությունների լուծարման գորրծընթացը մեկնարկել էր տարիներ առաջ, սակայն փոխվել է դրա տրամաբանությունը: Անդրադառնալով գիշերօթիկ հաստատությունների խնդրին, նախարարը նշել է, որ 2016 թ-ից մեկնարկած գործընթացն այս տարի հունվարին ժամանակավորապես կասեցվել էր, որպեսզի նախարարությունը՝ միջազգային գործընկերների հետ համատեղ, կարողանա հաստատություններում խնամվող երեխաների և նրանց ընտանիքների կարիքների գնահատում իրականացնել: Խոսելով խնամքի այլ հաստատությունների՝ մասնավորապես մանկատների լուծարման մասին, նախարարը նշել է, որ սա առաջին տարին է, երբ ապաինստիտուցոնալացման քաղաքականությունը կտարածվի ոչ միայն պետական հաստատությունների, այլև՝ ՀՀ տարածքում գործող բոլոր մանկատների վրա, ինչպես նաև՝ գործընթացից դուրս չեն մնա հաշմանդամություն ունեցող երեխաների համար նախատեսված մասնագիտացված հաստատությունները, ինչպես եղել է նախկինում.

«Մենք գիտակցում ենք, որ սա բարդ գործընթաց է, բայց նաև գիտենք՝ սա փոփոխություն է, որն այլընտրանք չունի: Այո, հաշմանդամություն ունեցող երեխաների խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացումը կրկնակի բարդ է լինելու, սակայն մենք համոզված ենք, որ պետության պարտավորությունն է ապահովել իր յուրաքանչյուր քաղաքացու իրավունքի իրացումը: Այդ իսկ պատճառով մենք համարում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում երեխաների խնամքի և իրավունքի վերաբերյալ պետք է լինի մեկ մոտեցում»,- ասել է նախարարը:

«ՍՕՍ Մանկական Գյուղեր Ֆրանսիա» անդամ ընկերակցության նախագահ Դանիել Բարրոյը նշել է, որ հիմնադրամը լիովին կիսում է ՀՀ կառավարության մոտեցումները՝ ապաինստիտուցիոնալացման վերաբերյալ, և իր աջակցությունը հայտնում այդ ուղղությամբ տարվող քայլերին.

««ՍՕՍՄանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյանը մեզ պարբերաբար տեղեկացնում է նախարարության հետ համագործակցության աննախադեպ ակտիվացման մասին, ինչը չի կարող չգոհացնել մեզ:  Մենք տեղեկացված ենք նաև, որ երկու կողմերի միջև համագործակցությունն արդեն առավել ինստիտուցիոնալ հիմքի վրա է դրվել՝ փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո: Մեզ համար ուրախալի է տեսնել, որ դուք հաստատակամ եք բարեփոխումների այս դժվարին ճանապարհին»,- ասել է նա:

Կողմերը քննարկել են հետագա համագործակցության և փորձի փոխանակման հնարավորությունները:

ԿԻՍՎԵԼ