Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է

Հոկտեմբերի 11-ն Աղջիկ երեխաների միջազգային օրն է: Այն նշվում է ՄԱԿ-ի առաջարկով՝ ի նշան աղջիկների իրավունքների պաշտպանության: Տոնն առաջին անգամ նշվել է 2012 թվականին:

Քսանհինգ տարի առաջ 200 երկրներից ավելի քան 30,000 կին ժամանել էր Պեկին՝ Կանանց Համաշխարհային խորհրդաժողով` կանանց և աղջիկների իրավունքները՝ որպես մարդու իրավունք ճանաչելու: Որպես գլոբալ կանանց շարժում՝ այն ուղղված էր ի պաշտպանություն  կանանց և աղջիկների սեռական և վերարտադրողական առողջության իրավունքներին, քաղաքական մասնակցությանը և անհավասար վարձատրությանը, ինչպես նաև ընդարձակելու դեռահաս աղջիկների կողմից կազմակերպված շարժումները:

Այդ տարիներից ի վեր ավելի ընդլայնվեցին և ակտիվացան դեռահաս աղջիկների կողմից կազմակերվող նմանատիպ շարժումները:

Այսօր այդ  շարժումները վեր են հանում աղջիկ երեխաներին վերաբերող մի շարք օրակարգային խնդիրներ,  կանխարգելում են երեխաների ամուսնությունը, խթանում են աղջիկների կրթությունը, բարձրաձայնում են գենդերային բռնությանը վերաբերող խնդիրներ, իրականացնում են ակտիվ քայլեր՝ ուղղված կլիմայի փոփոխություններին և այլն:

Այսօր աղջիկները քայլ են կատարում երազելուց՝ դեպի նվաճում, կոտրում են կարծրատիպեր, հաղթահարում բազում խնդիրներ՝ հանդես գալով որպես առաջնորդներ և նորարարներ:

Համաշխարհային հանրությունը պետք է ստեղծի ավելի շատ հնարավորություններ, որպեսզի աղջիկների ձայնը լինի առավել քան լսելի՝ որոշումների կայացման գործընթացում կարևորելով նաև իրենց մասնակցությունը:

Հայաստանի Հարպետությունում 2019 թվականի սկզբի դրությամբ 0-18 տարեկան աղջիկ երեխաների թիվը կազմում է՝ 343.389 աղջիկ, իսկ տղա երեխաների թիվը նույն ժամանակահատվածի համար կազմում է՝ 389.891, ինչը 46.502-ով ավել է աղջիկ երեխաների թվաքանակից:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ աղջիկները, հիմնականում, ընտրում են հետևյալ մասնագիտությունները՝ բանասիրական գիտություններ, սոցիալական աշխատանք, լրագրություն, արվեստ, հումանիտար գիտություններ, իրավունք, գործարարություն և վարչարարություն, իսկ տղաները ավելի շատ գյուղատնտեսական գիտություններ, ճարտարագիտություն, ճարտարապետություն և շինարարություն, անասնաբուժություն, մաթեմատիկա և վիճակագրություն («Հայաստանի կանայք և տղամարդիկ, 2018» վիճակագրական գրքույկ):

2018թ. ի տարբերություն 2017 թ.-ի բարելավվել է ծնվածների սեռերի հարաբերակցության գործակիցը:  2018 թ. հունվար-հունիսին այն կազմել է 110,3 տղա՝ 100 աղջկա դիմաց: 2017 թ. նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է 111,7 տղա՝ 100 աղջկա դիմաց:

ԿԻՍՎԵԼ