Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնի կողմից տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 357 անձ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության կողմից  Վանաձորում անցկացված 12-րդ աշխատանքի տոնավաճառի ժամանակ 30 գործատուների կողմից ներկայացվել է մարզու առկա 490 թափուր աշխատատեղ:

Միջոցառմանը ներկա են եղել ԱՍՀ նախարարի տեղակալ Արման Ուդումյանը, ԶՊ գործակալության պետի պաշտոնակատար Արտակ Սիմոնյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Լոռու մարզպետարանի, Վանաձորի քաղաքապետարանի, շահագրգիռ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նախնական տվյալներով միջոցառմանը մասնակցել է շուրջ 1500 աշխատանք փնտրող:

Նույն օրը  փոխնախարար Արման Ուդումյանը և Զբաղվածության պետական գործակալության տնօրենի պաշտոնակատար Արտակ Սիմոնյանը հանդիպել են Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին: Հանդիպման ընթացքում  քննարկվել են մարզի աշխատաշուկայի առանձնահատկությունները, առկա խնդիրները:

Այնուհետև Արման Ուդումյանը աշխատանքային քննարկում է անցկացրել Վանաձորի, Սպիտակի և Տաշիրի զբաղվածության տարածքային կենտրոնների  տնօրենների հետ: Զբաղվածության տարածքային կենտրոնների տնօրենները ներկայացրել են Զբաղվածության պետական 2019 թ. ամենամյա ծրագրի կատարման արդյունքները և այդ ընթացքում ի հայտ եկած խնդիրները:

Նշենք, որ Լոռու մարզում 2019թ.-ի սեպտեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է շուրջ 10.0 հազար մարդ, այս ցուցանիշը անցած տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 5.6%-ով: Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 91.0 %-ը կամ 9.1 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 1.7 %-ով: Գործազուրկ կանանց թիվը կազմում է գործազուրկների թվի 70.1%-ը, կամ 6.3 հազ. մարդ: Գործազուրկի կարգավիճակ ունեցողների 22.2%-ը երիտասարդ է, 2.3 %-ը հաշմանդամություն ունեցող, 28.3 %-ը՝ գյուղաբնակ անձ: Տարեսկզբից մարզում աշխատանքի է տեղավորվել 806 աշխատանք փնտրող:

Վանաձորում 2019 թ.-ի սեպտեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 4682 անձ, գործազուրկներինը՝ 4434: Վանաձորի աշխատաշուկայում հատկապես մեծ է առողջապահության բնագավառի (բացառությամբ բժշկական խնամքի և մանկաբարձության), սպասարկման ոլորտի աշխատողների, բնակարանային կոմունալ տնտեսությունների և առևտրի ոլորտի մասնագետների, մշակման արդյունաբերության բանվորների պահանջարկը:

Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնի կողմից տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 357 անձ:

ԿԻՍՎԵԼ