Ամենակարևորը հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման իրավունքի ապահովումն է․ Գեմաֆին Գասպարյան

««Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի նախագծի ամենակարևոր և հիմնական գաղափարը հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանն է վերաբերում։ Այն ենթադրում է հաշմանդամություն ունեցող անձի՝ սոցիումում համահավասար ներառման ապահովում։ Երբ տարիներ շարունակ խոսել ենք մատչելիության, միջավայրային գործոնների և խոչընդոտների մասին, հիմնականում, նկատի ենք ունեցել ֆիզիկական միջավայրը, բայց կան նաև սոցիալական գործոններ, որոնք շատ ավելի կարևոր են։ Թեքահարթակը կարող է հարմարեցված լինել, բայց մեր վերաբերմունքը, կարծրատիպերն ու հարաբերություններն այնպիսին լինեն, որ մարդը չկարողանա տվյալ միջավայրում ներառվել»,- այս մասին Ապարանում և Աշտարակում տեղի ունեցած հանրային քննարկումների ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը։

Հանդիպումների ընթացքում նախարարի առաջին տեղակալը ներկայացրել է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրները, նախատեսվող օրենսդրական բարեփոխումները, մասնավորապես՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքների նախագծերը.

««Անկախ կյանքի» գաղափարն այն մասին է, որ հաշմանդամություն ունեցող անձիք, ինչպես նաև հաշմանդամություն չունեցողները, համահավասար իրավունքներ ունեն և կարող են ինքնուրույն որոշումներ կայացնել իրենց կյանքի վերաբերյալ։ Սա ապահովելու համար ներառել ենք մեկ այլ՝ «անձնական օգնականի» կամ «սոցիալական օգնականի» գաղափարը, որը ենթադրում է հաշմանդամություն ունեցող անձին օգնություն աշխատավայրում, կենցաղային հարցերում, որպեսզի նա կարողանա ինքնուրույն կյանք վարել և անկախ կյանքի գաղափարն իրացնել»,- պարզաբանել է նախարարի առաջին տեղակալը։

Գ․ Գասպարյանը կարևորել է նաև դատական ատյաններում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված օրենսդրական քայլերի ապահովումը։ Համապատասխան օրենքի նախագծում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններին այսուհետ հնարավորություն կտրվի դատական ատյաններում խտրականության դեպքերով հայց ներկայացնել հաշմանդամություն ունեցող անձանց փոխարեն։

«Հաշմանդամություն ունեցող անձանց մեծամասնությունը՝ տրվող 25․500  դրամով չի կարող հաղթահարել իր ֆունկցիոնալ դժվարությունները։ Սա նկատի ունենալով՝ այսուհետ բազմամասնագիտական խումբը նոր դասիչներով կգնահատի մարդու ֆունկցիոնալ սահմանափակումը, դրա աստիճանը և այն միջավայրային գործոնները, որում պետք է հաղթահարվեն։ Յուրաքանչյուր քաղաքացուն կտրվի Ծառայությունների անհատական ծրագիր (ԾԱԾ), որը կներառի տվյալ անձի ֆունկցիոնալ սահմանափակումների հաղթահարման առաջնահերթ-անհրաժեշտ և հավելյալ բոլոր ծառայությունների փաթեթը»,- պարզաբանել է նախարարի առաջին տեղակալը։

Գ․ Գասպարյանը տեղեկացրել է, որ Ծառայությունների անհատական ծրագրում ներառված առաջնահերթ-անհրաժեշտ բոլոր ծառայությունները կհոգա պետությունը։ Ի դեպ, հաշմանդամություն ունեցող անձանց ֆունկցիոնալության գնահատումը կիրականացվի նոր և հերթական դիմումների դեպքում՝ բացառությամբ անժամկետ հաշմանդամություն ունեցող անձանց, ովքեր, ցանկության դեպքում, անշուշտ, կարող են նույնպես դիմել։

ԿԻՍՎԵԼ