Զարուհի Բաթոյանը ՍԱԾ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ պետ Անի Ամիրշադյանին

«Մեզ Անի Ամիրշադյանի հմտություններով, փորձով և գիտելիքներով աշխատակիցներ են հարկավոր՝ ռիսկերի կառավարումը և ծառայությունների մատուցման բիզնես գործընթացն արդյունավետ դարձնելու համար։ Սա ենթադրում է նախ ծառայության գործընթացների բարելավում, ներառյալ՝ աշխատանքային պրոցեսների հեշտացում՝ առաջին հերթին աշխատակիցների համար, և, իհարկե, ծառայությունների հասանելիություն և մատչելիություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, ովքեր լավագույնին են արժանի և ում մենք պատիվ ունեն ծառայելու»,- այս մասին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ սոցիալական ապահովության ծառայության աշխատակազմին ներկայացնելով նորանշանակ պետ Անի Ամիրշադյանին։

Նախարարը նշել է, որ ծառայության ամենօրյա աշխատանքի արդյունքում պետք է բարձրանա մատուցվող  ծառայությունների որակը և մակարդակը։ Ըստ Զ. Բաթոյանի՝ ՍԱԾ-ն կարևորագույն գործ է կատարում՝ ապահովելով ծառայությունների մատուցման անխափանությունը.

«Ֆինանսական աջակցության ծավալներն այսօր մեծ չեն: Մենք շատ փոքր նպաստ, կենսաթոշակ կամ այլ ծառայություն ենք տրամադրում: Մենք պետք է համապատասխան վերաբերմունքով փոխհատուցենք այն բացը, որի կարիքը մարդիկ ունեն՝ արժանապատիվ կյանքը ապահովելու համար։ Իմ ակնկալիքը և ՀՀ կառավարության ակնկալիքը առաջին հերթին սա է»,- ասել է նա։

Ամփոփելով խոսքը, Զ. Բաթոյանը վստահեցրել է ներկաներին, որ նախարարության կառուցվածքային փոփոխությունների շրջանակում հանդիպումներ և քննարկումներ կլինեն՝ այդ փոփոխությունների արդյունավետ իրականացման նպատակով.

«Ուզում եմ շնորհակալություն ասել ձեզ՝ ձեր նվիրված աշխատանքի համար ,և վստահեցնել, որ ձեր դերը մեր նախարարության և քաղաքացիների կյանքում շատ կարևոր է»,- ասել է նախարարը։

ՍԱԾ նորանշանակ ղեկավար Անի Ամիրշադյանը ևս շնորհակալություն է հայտնել աշխատակազմին՝ աջակցելու պատրաստակամության համար և նշել, որ հավատում է թիմային աշխատանքի արդյունավետությանը.

«Շնորհակալ եմ վստահության համար։ Նաև շնորհակալ եմ Ձեր կողմից արդեն իսկ նշված ուղենիշի համար։ Ես 10 տարվա աշխատանքային փորձ ունեմ ֆինանսական համակարգում, և այն առանցքային բանը, որ աշխատանքի ընթացքում ինձ համար կարևորել եմ, թիմային աշխատանքն է, թիմում հարգանքի և վստահության հիման վրա աշխատանքը, որը բոլորիս աշխատանքի արդյունավետության հիմնական, առանցքային նախապայմանն է»,- ասել է նա։

ԿԻՍՎԵԼ