Դուք կարող եք ստեղծել շատ ավելի կիրթ, բարեկեցիկ, երջանիկ և կարծրատիպերից զերծ միջավայր՝ բոլորի համար. Նախարար

«Սեպտեմբերի 1-ն, իսկապես, ամենակարևոր տոներից մեկն է: Երբ ինձ առաջարկեցին ընտրել դպրոցը, որում կցանկանայի բաց դաս ունենալ, ես ընտրեց հենց Հայ-չինական բարեկամության դպրոցը, նաև այն պատճառով, որ այն նորակառույց է և համեմատաբար ավելի հարմարեցված հաշմանդամություն ունեցող անձանց համար: Ի տարբերություն ձեր դպրոցի, իմ դպրոցը մատչելի չէր հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների համար, այդ իսկ պատճառով ես դպրոց չեմ հաճախել և կրթությունս ստացել եմ տնային պայմաններում»,- այս մասին Հայ-չինական բարեկամության դպրոցում աշակերտների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ շնորհավորելով ներկաներին Գիտելիքի օրվա կապակցությամբ:

ԿԳՍՄ նախարարության նախաձեռնությամբ տեղի ունեցած հանդիպման ընթացքում Զ. Բաթոյանը աշակերտների հետ խոսել է հավասար հնարավորությունների, աղքատության հաղթահարման վրա կրթության ունեցած ազդեցության, ազատ ընտրության կարևորության, կամավորության, աշխատանքային իրավունքների և կարծրատիպերի մասին:

Նախարարն աշակերտներին պատմել է իր կրթության, հասարակական ակտիվության, ինչպես նաև քաղաքականությամբ զբաղվելու որոշման մասին.

«Ես ուզում եմ, որ դուք հիշեք՝ կրթությունը՝ ֆորմալ, ոչ ֆորմալ, կարճաժամկետ, շատ կարևոր է յուրաքանչյուրիս համար, քանի որ հենց կրթությունն է մեզ համար ստեղծում բոլոր հնարավորությունները: Դուք այսօր մասնագիտության ընտրության փուլում եք: Հիշեք, որ ամենակարևորը ձեր մասնագիտությունը և գործը սիրելն է, որովհետև միայն այդ դեպքում է հնարավոր հաջողել: Միևնույն ժամանակ հիշեք, որ ձեր ընտրած մասնագիտությունը վերջնական որոշում չէ, դուք միշտ կարող եք այլ մասնագիտություն ստանալ, այլ հետաքրրքություններ ունենալ: Հիշեք, որ դուք ազատ եք նաև այս հարցում»,- նշել է նախարարը:

Աշակերտներին հատկապես հետաքրքրում էր նախարարի անցած ուղին, նրա համար ոգեշնչման աղբյուր հանդիսացող երևույթները:

«Ես համոզված եմ, որ մեզանից յուրաքանչյուրը կարող է փոփոխություն բերել մյուսների կյանքում: Ես ցանականում եմ, որ դուք ևս հավատաք դրան և հիշեք, որ կարող եք ստեղծել շատ ավելի կիրթ, բարեկեցիկ, երջանիկ և կարծրատիպերից զերծ միջավայր՝ բոլորի համար»,- ամփոփել է նախարար Բաթոյանը:

ԿԻՍՎԵԼ