Նախարարությունում փորձաշրջան անցած 18 ուսանողներից 5-ն արդեն կառույցի աշխատակիցներ են

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հավաստագրեր է տրամադրել մասնագիտական փորձաշրջան անցած 18 ուսանողների։ Եռամսյա փորձաշրջանը անցկացվել է «Ռեստարտ» ուսանողական, քաղաքացիական նախաձեռնության հետ համատեղ՝ ընդգրկելով ՀՀ տարբեր բուհեր ներկայացնող ուսանողների։ Ի դեպ, նրանցից հինգն արդեն նաև նախարարության աշխատակիցներ են։

«Նախարարությունը շատ սերտ համագործակցում է բուհերի հետ, և սա առաջին անգամը չէ։ Շատ կարևոր է, որ առանձին կազմակերպություններ նման նախաձեռնություններով հանդես գան՝ իրենք լինեն նախաձեռնողը, իրենք լինեն կազմակերպիչը։ Հույս ունեմ, որ դուք ավելի շատ տեղեկություն եք ստացել նախարարության աշխատանքների, գործընթացների մասին և, ընդհանրապես, պետական համակարգի մասին։ Եվ իհարկե, հույս ունեմ, որ ձեր մասնակցությամբ և ներկայությամբ նաև փոխել եք որոշ պատկերացումներ գործընթացներում»,- ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

Նախարարը կարևորել է մասնագիտական փորձառության անհրաժեշտությունը՝ նշելով, որ ներկայումս համարձակ ու նախաձեռնող երիտասարդների կարիք կա գրեթե բոլոր ոլորտներում։ Զարուհի Բաթոյանը նաև խրախուսել է  սոցիալական աշխատանքի ինստիտուտի զարգացմանն ուղղված՝ նախարարության հաստատակամ քայլերը և նշել, որ առաջիկայում նոր մասնագետների ներուժի կարիք կլինի հատկապես մարզերում։

«Երբեմն այս մարդկանց ամենօրյա աշխատանքը չի երևում, բայց նրանք շատ կարևոր աշխատանք են տանում և ամեն օր մեկ քայլ առաջ են գնում դեպի աղքատության կրճատումը, սոցիալական պաշտպանությունը, երեխաների իրավունքների պաշտպանությունը, տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց և այլն։ Այսինքն` փորձում են փոփոխություն բերել բոլոր այն մարդկանց կյանքում, ովքեր ամենաշատը մեր կարիքն ունեն, և հենց այս միտքը, գաղափարն է, որ կարող է մարդուն օգնել ամենօրյա դժվարին ու ծանր աշխատանքում»,- հանդիպման ընթացքում ասել է նախարարը։

ԿԻՍՎԵԼ