Նախարարության կողմից տրամադրվող բոլոր ծառայությունները պետք է ունենան նույն տրամաբանությունը. Գեմաֆին Գասպարյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը օգոստոսի մեկից սկսել է մարզային այցելությունները: Հայաստանի բոլոր մարզերում հանրային քննարկումների ձևաչափով ներկայացվելու են «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքների նախագծերը:

Առաջին այցելությունը Սյունիքի մարզ էր` Մեղրի, Կապան, Գորիս, Սիսիան քաղաքներում: Նախարարի տեղակալը հանդիպել է տեղի զբաղվածության, սոցիալական աջակցության, սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժինների, բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովների աշխատակիցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և քաղաքացիների հետ:

Գեմաֆին Գասպարյանը հանդիպումների ընթացքում ներկայացրել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ոլորտում նախարարության կողմից իրականացվող քաղաքականությունն ու այն փոփոխությունները, որոնք առավել հասցեական և արդյունավետ կդարձնեն պետության կողմից մատուցվող ծառայությունները: Նա մանրամասնել է այս օրինագծերում տեղ գտած նոր հասկացություններն ու գաղափարները:

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքում տեղ են գտել նոր հասկացություններ և փոփոխություններ. սոցիալական ամբողջական ներառում, մատչելիության գաղափարի ընդլայնում, ունիվերսալ կամ համընդհանուր դիզայնի ստեղծում, անկախ կյանքի և համայնքում ներառման իրավունքի իրացում, խելամիտ հարմարեցումների ապահովում, խտրականության արգելքի վերացում, անհատական օգնականի ինստիտուտի ներդրում:

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից նախանշված ռազմավարական ուղղությունների, ծրագրերի և նոր օրենքների հիմքում մարդն է՝ իրավատեր քաղաքացին: Իրականացվող փոփոխությունները առաջին հերթին պետք են Հայաստանի Հանրապետության քաղաքացուն: Հաշմանդամություն ունեցող անձինք համահավասար իրավունքներ ունեցող քաղաքացիներ են և պետք է ներառվեն հասարակության մեջ: Նոր փոփոխություններն ունեն մեկ նպատակ. անձին օգնել հաղթահարելու ոչ միայն ֆիզիկական, այլև սոցիալական սահմանափակումները և օգտվել անհրաժեշտ ծառայություններից»,- հավելել է նախարարի տեղակալը:

Ըստ նրա, առաջարկվող փոփոխությունների շնորհիվ կլուծվեն մի շարք խնդիրներ, մասնավորապես. կարգելվի «հաշմանդամության հիմքով խտրականությունը», այդ թվում՝ խելամիտ հարմարեցումների ապահովման մերժումը, կսահմանվեն մատչելիության նվազագույն պահանջներ, որոնց չկատարման դեպքում կկատարվի մասհանում:

Այնուհետև, նախարարի առաջին տեղակալը հանդպիպումների մասնակիցներին ներկայացրել է նաև «Ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Օրենքում ներկայացված ֆունկցիոնալության գնահատման մոդելի նպատակն է հաշմանդամության դիտարկումն իրականացնել ըստ անձի ֆունկցիոնալության աստիճանի, գործունեության ու մասնակցության, միջավայրային գործոնների ունեցած ազդեցության հիման վրա:

«Հիմքում ունենալով մարդու հիմնարար իրավունքները՝ օրենքը նպատակ ունի ներդնել հաշմանդամություն ունեցող անձանց ֆունկցիոնալության գնահատման համակարգ և ստեղծել հաշմանդամություն ունեցող անձանց ֆունկցիոնալության գնահատման հիման վրա ծառայություններ մատուցելու իրավական հիմքեր: Ներդրվող մոդելը կբարձրացնի հաշմանդամության սահմանման գործընթացի օբյեկտիվությունը և անձին կմատուցի այդ գնահատման հիման վրա անհրաժեշտ ծառայությունները»,- նշել է նախարարի առաջին տեղակալը:

Ներկայացված օրենսդրական փաստաթղթերի պարզաբանումներից հետո մասնակիցները ներկայացրել են նոր առաջարկներ ու դիտարկումներ, խոսել նաև այս պահին եղած խնդիրների մասին:

Նախարարի առաջին տեղակալը զրույցների ընթացքում անդրադարձել է նաև բժշկասոցիալական փորձաքննության համակարգի փոփոխության գործընթացին, հանձնաժողովների ձևավորման նոր սկզբունքներին, ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի բարելավման, նպաստների համակարգի արդիականացման, բուժատեխնիկական հանձնաժողովի աշխատանքների մոբիլիզացման և աջակցող սարքերի տրամադրման գործընթացում առկա խնդիրներին:

Հանդիպումների ավարտից հետո յուրաքանչյուր քաղաքում Գ. Գասպարյանը այցելել է տարածքային բոլոր կենտրոնները, զրուցել աշխատակիցների հետ, ծանոթացել իրականացված աշխատանքներին ու խնդիրներին:

Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Գեմաֆին Գասպարյանը եղել է նաև «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» հիմնադրամում: Շրջել է հաստատությունում, ծանոթացել պայմաններին, զրուցել աշխատակիցների  հետ և լսել նրանց խնդիրներն ու մտահոգությունները:

Մեկնարկած մարզային այցելությունները լինելու են շարունակական՝ նպատակ ունենալով ներկայացնել և քննարկել նոր օրենսդրական նախաձեռնությունները, իրազեկել նախարարության քաղաքականության մոտեցումները և հավաքագրել տվյալ մարզին բնորոշ խնդիրները:

ԿԻՍՎԵԼ