Դեպքի վարման տեղեկատվական համակարգ կներդրվի

«Մենք կարևորում ենք նոր բովանդակությամբ սոցիալական ծառայության ներդնումը, ինչը նշանակում է, որ սոցիալական աջակցության վերաբերյալ ակնկալիքները էապես փոխում ենք՝ դիտարկելով դրանք համալիր և միասնական մոտեցման տեսանկյունից։ Այս պարագայում խոսքը ոչ թե ինտեգրված սոցիալական ծառայությունների մասին է, այլ՝ մեկ ամբողջական ծառայության, որը ներառում է համապատասխան կարիքի գնահատման համար անհրաժեշտ բոլոր բաղադրիչները։ Եվ այդ բաղադրիչները պետք է «անտեսանելի» լինեն շահառուի համար, և այս իմաստով իսկապես որակական և կառուցվածքային փոփոխության կարիք ունենք։ Այս տեսանկյունից, նախարարությունն արդեն իսկ նախաձեռնել է մի շարք քայլեր, օրինակ՝ շրջանառության մեջ են դրված սոցիալական աջակցության մասին օրենքի և մի շարք այլ օրենքներում փոփոխությունների փաթեթները, որի շրջանակում նախատեսում ենք իրականացնել փոփոխություններ, որոնք միտված են սոցիալական ծառայությունների ամբողջական փաթեթը նախարարության քաղաքականության ներքո միավորելուն և համապատասխան որակի ծառայություն ունենալուն»,- այս մասին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը՝ գործընկեր հասարակական կազմակերպությունների հետ հանդիպման ժամանակ։

Ժաննա Անդրեասյանը էական է համարել նաև սոցիալական աշխատողների աշխատանքային պայմանների հստակեցմանն ու բարենպաստ միջավայր ստեղծելուն ուղղված քայլերը․ «Այս տեսանկյունից, հաջորդ տարվա բյուջեում ներառել ենք տնայցերի ֆինանսավորման ծրագիր, ինչը նախատեսում է ֆինանսավորել տնային այցելությունները որոշակի մշակված ձևաչափով։ Կարևոր է նաև աշխատանքային պայմանների տեխնիկական հագեցվածության ապահովումը, և այս իմաստով մի շարք գործողություններ ենք նախաձեռնել, որոնցից կարևորագույնը դեպքի վարման տեղեկատվական համակարգի ներդնումն է»։

Հանդիպման ընթացքում ներկայացվել է փոխնախարար Անդրեասյանի օգնական Անի Սահակյանի կողմից պատրաստված տարբեր գերատեսչությունների, հաստատությունների և հասարակական կազմակերպությունների, սոցիալական ոլորտում ընդգրկված աշխատակիցների քարտեզագրման աշխատանքների ամփոփ վերլուծությունը, որին հաջորդել է «Սոցիալական աշխատանքի մասին» օրենքի նախագծի քննարկումը։

ԿԻՍՎԵԼ