Զբաղվածության ազգային ռազմավարությունը մշակման փուլում է. գործընկերները քննարկել են խնդիրներն ու մարտահրավերները

«Զբաղվածության ազգային ռազմավարության կշիռն ու կարևորությունն այն կլինի, որ այն «սեփականություն» դառնա մյուս բոլոր շահագրգիռ կառույցների համար։ Վստահ եմ, որ առարկայական երկխոսության, համաձայնության և համագործակցության հիմքի վրա՝ կարող ենք ունենալ մի փաստաթուղթ, որն իրականացման փուլում կդառնա այդպիսին։ Ոլորտային բազմաթիվ հետազոտություններ կան, որոնք կարող են սնունդ տալ, աջակցել այս գործին, բայց, ամեն դեպքում, ռազմավարությունն այն հովանոցային փաստաթուղթն է, որի ներքո մենք փորձելու ենք ավելի սահուն և ինտեգրված աշխատել այս հարցերի լուծման ուղղությամբ։ Ակնկալում եմ, որ ռազմավարությունը կառաջարկի տարբեր սցենարներ և ցույց կտա շոշափելի ու չափելի արդյունքներ, նաև ցույց կտա այն ուղղություններն ու ոլորտները, որտեղ հասցեական միջամտությամբ կարող ենք ունենալ ավելի բարելավված արդյունքներ՝ աշխատաշուկայի և գործազրկության կրճատման վերաբերյալ»,– այս մասին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը՝  «Հայաստանի Զբաղվածության ազգային ռազմավարության հետագա ընթացքը» աշխատաժողովի ժամանակ։

Հանդիպումը, որին նաև մասնակցել են Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) ներկայացուցիչները, նպատակ ունի բացահայտել Հայաստանում զբաղվածության ոլորտին առնչվող մարտահրավերները, սահմանել մշակվող քաղաքականության առաջնահերթությունները, գնահատել աշխատաշուկայի էական ցուցանիշները, զբաղվածության ոլորտի հիմնական թիրախները և այլն։

«Կարևորում եմ ներդրողների դերը, որովհետև նրանք բերում են նոր բիզնես-մշակույթ, գումար, աշխատանքային բարձր որակի հարաբերություններ, աշխատանքի անվտանգության ապահովման նոր տարբերակներ, ստեղծում են աշխատատեղեր և վճարում են հարկեր։  Երբ խոսում ենք զբաղվածության խթանման մասին, պետք է կարևորենք նաև փոքր-միջին ձեռնարկատիրությունը և կրթությունը, որի միջոցով աշխատաշուկա ենք մղում մրցունակ կադրեր»,– նշել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։

Աշխատանքի միջազգային կազմակերպության փորձագետ Պեռ Ռոննասը ներկայացրել է Հայաստանի զբաղվածության ոլորտի էական խնդիրները, աշխատաշուկայում տիրող իրավիճակի վիճակագրական նկարագիրը, նաև խոսել Հայաստանի զբաղվածության ազգային ռազմավարության կապակցությամբ առաջիկա քայլերի մասին։ Փորձագետը նշել է, որ ըստ զբաղվածության ոլորտում կատարված ուսումնասիրությունների (մինչև 2016 թ․)՝ Հայաստանի մարդկային ռեսուրսները թերօգտագործված են: Մյուս կողմից, որակական առաջընթաց կա վերջին շրջանում ստեղծված աշխատատեղերի առումով.

«Կրթական համակարգը չի ապահովում աշխատաշուկայի կողմից պահանջված հմտությունները։ Կա գերկրթվածության միտում, ինչը բարձրագույն կրթություն ստացած երիտասարդներին ստիպում է իրենց մասնագիտական որակավորմանը չհամապատասխանող աշխատանքային առաջարկներ ընդունել։ Մասնագիտական կրթության հեղինակությունը ցածր է, իսկ երիտասարդների գերակշռող մեծամասնությունը՝ շուրջ 89 %-ը, կրթական համակարգից դուրս է գալիս առանց աշխատանքային համապատասխան հմտությունների և փորձի»,- ասել է ԱՄԿ միջազգային փորձագետը։

Աշխատաժողովի ընթացքում մասնակիցները նաև քննարկել են ոլորտին առնչվող տարաբնույթ հարցեր և համաձայնություն ձեռք բերել՝ լիարժեք ներգրավվածություն ապահովել ռազմավարության մշակման գործում։

 

 

 

 

ԿԻՍՎԵԼ