Հայաստանը կհյուրընկալի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ միջազգային սեմինար

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և Հայաստանում Ֆինլանդիայի Հանրապետության դեսպանությունը համատեղ միջազգային սեմինար կկազմակերպեն՝ հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման և հավասար հնարավորությունների վերաբերյալ: Այս մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել նախարար Զարուհի Բաթոյանի և ՀՀ-ում Ֆինլանդիայի Հանրապետության դեսպան տիկին Արյա Մակկոնենի հանդիպման ընթացքում:

«Մենք ջերմ գործընկերային հարաբերություններ ունենք Հայաստանում Ֆինլանդիայի պատվո հյուպատոս պարոն Թիմոթի Դեյվիդ Սթրեյթի հետ և համոզված եմ, որ դեսպանության հետ մեր համագործակցությունը ևս կլինի արդյունավետ և օգտակար: Ուրախ կլինենք Հայաստանում ընդունել միջազգային սեմինարի մասնակիցներին, քննարկել ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները, ուսումնասիրել միմյանց լավագույն փորձը», – ասել է Զարուհի Բաթոյանը:

Նախարարը տեղեկացրել է, որ մշակման վերջին փուլում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքը, վերանայման է դրվելու կարիքների գնահատման և հաշմանդամության ճանաչման ամբողջ ընթացակարգը: Ըստ նախարարի՝ այս գործողությունների հիմնական նպատակը մարդակենտրոն, կարիքի և կարողությունների վրա հիմնված մոտեցումն է:

Աշնանը նախատեսվող սեմինարի հիմնական ուղղությունները լինելու են հաշմանդամություն ունեցող կանանց հատուկ ծառայությունների ստեղծումն ու հիմնական ծառայությունների գենդերային առումով զգայունության ապահովումը, հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի և զբաղվածության խնդիրը:

Սեմինարի բովանդակային մասը կապահովի ֆիննական Abilis հիմնադրամը, որն այդ ոլորտում աշխատում է ավելի քան 20 տարի։  Սեմինարին կմասնակցեն շուրջ 60 ներկայացուցիչ պետական կառավարման համակարգի մարմիններից, հասարակական կազմակերպություններից, դիվանագիտական ներկայացուցչություններից և տեղեկատվական միջոցներից։

ԿԻՍՎԵԼ