Մենք գործ ունենք մարդկանց ճակատագրերի հետ. նրանց տրվող աջակցությունը պետք է լինի առավել հասցեական և թափանցիկ. Ժաննա Անդրեասյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մարզային այցելությունների շրջանակում եղել է Արարատի, Վայոց ձորի, Արագածոտնի, Սյունիքի մարզերում: Տեղի կանանց հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումները նպատակ ունեին վեր հանել այն խնդիրներն և իրավիճակները, որոնց ամեն օր բախվում են մարզերում ապրող կանայք և նրանց ընտանիքները:

Նախքան գործընկերների աշխատանքին ծանոթանալը՝ նախարարի տեղակալը ներկայացրել է կանանց հիմնահարցերի ոլորտում նախարարության կողմից իրականացվող քաղաքականությունն ու այն փոփոխությունները, որոնք առավել հասցեական և արդյունավետ կդարձնեն պետության կողմից մատուցվող ծառայությունները:

«Մենք շատ կարևորում ենք կանանց ներկայացվածությունը կառավարման ոլորտում, տարբեր օղակներում որոշումների կայացման գործընթացների վրա նրանց ազդեցության մեծացումը: Մշակվող գենդերային ռազմավարության մեջ հստակ քայլեր են նախանշված, նախատեսված են մի շարք ընդհանուր գործիքներ, որոնց միջոցով պետական ծախսերը պետք է լինեն առավել համաչափ ու համարժեք կանանց և տղամարդկանց կարիքներին: Կարևոր եմ համարում համապարփակ վիճակագրության վարումը, որի միջոցով կկարողանանք գնահատել տարբեր ծրագրերի ազդեցությունները և տեսանելի դարձնել առկա խնդիրները»,- մանրամասնել է Ժաննա Անդրեասյանը:

Այնուհետև փոխնախարարը խոսել է նախարարության կողմից սպասվող նախաձեռնությունների և ծրագրերի մասին՝ ընտանեկան բռնության ընթարկված անձանց համար աջակցության կենտրոնների և ապաստարաների  ստեղծում, ընտանեկան նպաստների համակարգի վերանայում, սոցիալական աշխատողի ինստիտուտի և ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի արդիականացում:

«Մեր քաղաքականությունը, ըստ էության, ուղղված է կանանց իրավունքների իրացման, իրավագիտակցության բարձրացմանը, նրանց համար նոր հնարավորությունների ու կարողությունների բացահայտմանն ու դրանց օգտագործմանը: Մենք արդեն իսկ հավաքագրում ենք այն հիմնական և սպեցիֆիկ խնդիրները, որոնց մասին տեղեկանում ենք մարզային այցելությունների ժամանակ: Անհրաժեշտ ենք համարում հստակ ձևակերպել այդ խնդիրները և գտնել այն բոլոր իրատեսական լուծումները, որոնք շահեկան են մարդու համար. մեր կողմից իրականացվող քաղաքականությունը մարդակենտրոն է»,- հավելել է նախարարի տեղակալը:

Հաջորդիվ հանդիպման մասնակիցները ներկայացրել են իրագործված աշխատանքներն ու ծրագրերը, ինչպես նաև՝ այն մտահոգությունները, որոնց առերեսվում են պրակտիկ աշխատանքի ընթացքում: Նրանք ներկայացրել են տվյալ մարզին հատուկ խնդիրները և լուծման հնարավոր տարբերակները:

Բոլոր մարզերում կանանց հետ կապված խնդիրները գրեթե նույնն էին՝ գենդերային անհավասարություն, ընտանեկան բռնության ենթարկված անձանց նկատմամբ խտրական վերաբերմունք, իրավաբանական ու հոգեբանական խորհրդատվության բացակայություն, որևէ գործում պակաս նախաձեռնողականություն, որոնք առավել նկատելի են խոցելի խմբերի (հաշմանդամություն ունեցող, սահմանամերձ շրջաններում բնակվող, ազգային փոքրամասնություն կազմող կանանց) համար:

Նախարարի տեղակալի հավաստմամբ՝ հաջորդ տարվանից նախատեսվում է բոլոր մարզերում ունենալ ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոններ և ցերեկային խնամքի հաստատություններ, որտեղ կմատուցվեն համապատասխան ծառայություններ այն մարդկանց, ովքեր իրապես ունեն դրա կարիքը. «Մենք գործ ունենք մարդկանց ճակատագրերի հետ և պարտավոր ենք պետության կողմից տրվող աջակցությունը նրանց տրամադրել առավել հասցեական և թափանցիկ»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

 

ԿԻՍՎԵԼ