Զբաղվածության մասին խոսելիս՝ պետք է վստահ լինենք, որ խոսքը արժանապատիվ աշխատանքի մասին է․ Ժաննա Անդրեասյան

«Արդեն ավարտին ենք հասցրել գենդերային ռազմավարության մշակումը, որում մի շարք գերակայություններ կան։ Կարևորում ենք կանանց տնտեսական հզորացման խնդիրը և արդեն իսկ ունենք որոշակի նախաձեռնություններ, որոնք միտված են հենց նրանց ներուժի օգտագործմանը։ Նախարարության քաղաքականությունը նաև ուղղված է աշխատանքային իրավունքի պաշտպանությանը: Այսինքն՝ զբաղվածության մասին խոսելիս՝ պետք է վստահ լինենք, որ խոսքը արժանապատիվ աշխատանքի մասին է»,- այս մասին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը Իջևանում՝ մարզային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

Ժաննա Անդրեասյանը էական է համարել  մարզերում առկա հիմնախնդիրների վերհանումը, լուծման արդյունավետ ուղիների մշակումը, նաև անհրաժեշտ ծառայությունների մատուցման գործում հասարակական կազմակերպությունների ներգրավումը։ Նա տեղեկացրել է, որ այժմ շուրջ 13 կազմակերպություն պատվիրակված գործունեություն է իրականացնում տարբեր մարզերում։

Փոխնախարարը կարևորել է նաև ընտանեկան բռնության կանխարգելմանն ու սահմանամերձ բնակավայրերում խոցելի խմբերի կանանց ուղղված ծրագրերի իրականացումը․ «Հատուկ ուշադրություն ենք դարձնում ընտանեկան բռնության կանխարգելմանը, որը շատ ցավալի երևույթ է։ Միայն ոստիկանական ամփոփագրերի տվյալներով՝ անցյալ տարվա մեկ կիսամյակում ունեցել ենք 900-ից ավելի դեպք, և սրանք միայն այդ ամփոփագրերում տեղ գտած ֆիզիկական բռնություններն են, բայց կան նաև չգրանցված դեպքեր։ Այս իսկ պատճառով նախատեսում ենք մարզերում ունենալ աջակցության կենտրոններ և հնարավորինս արդյունավետ համագործակցություն ապահովել պետություն-հասարակական սեկտոր հատվածի միջև»։

Հանդիպմանը ներկա հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն անհրաժեշտ են համարել սոցիալական կյանքի բարելավմանն ուղղված ծրագրերի՝ հատկապես կանանց մասնագիտական վերապատրաստումների շարունակականության ապահովումը, նաև փոքր համայնքներում մանկապարտեզների և ցերեկային խնամքի կենտրոնների ստեղծումը։ Կարևորվել է սահմանամերձ բնակավայրերում գործող փոքր արտադրական կազմակերպություններին խրախուսելու և արտոնություններ տրամադրելու հարցը՝ մասնավորապես այն, որ վերջիններիս իրավունք տրվի մասնակցել խոշոր մրցույթների (օրինակ՝ եթե կոնկրետ միավորման մաս կազմեն) և այդպիսով կարգավորել արտադրանքի իրացման խնդիրը։

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ անհրաժեշտ ծառայության տրամադրմամբ, անկասկած, պետք է աջակցել քաղաքացիներին, սակայն միևնույն ժամանակ կախվածության մեջ չպահել։ «Մեր քաղաքականությունն ուղղված է նրան, որ պետք է ոչ թե քաղաքացուն անընդհատ աջակցենք, այլ ստեղծենք պայմաններ, որոնք թույլ կտան զարգացնել իր կարողությունները և ստեղծել կայուն եկամտի հնարավորություններ՝  նաև հավատալով իր ներուժին և հնարավորություններին։ Ցավոք, ունենք իրավիճակ, երբ ընտանիքը տարիներ շարունակ նպաստի համակարգում է, բայց նրանց կյանքում էական ոչինչ չի փոխվել, այդ աջակցությունից նրանց կենսամակարդակը չի բարձրացել։ Ստացվում է՝ պետությունը ծախսում է միջոցներ, բայց այն անարդյունավետ է, որովհետև դրանք պետք է մարդուն օգնեն հաղթահարել այդ դժվար իրավիճակը, ոչ թե պահպանել գոյատևումը»,- ասել է փոխնախարարը։

ԿԻՍՎԵԼ