Քաղաքականությունը փոփոխություններ բերելու գործիք է միայն. Զարուհի Բաթոյան

Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ընդունել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի հիմնական դպրոցի աշակերտ Էդուարդ Պողոսյանին, ով նախարարին ուղղված նամակում նշել էր, որ դա իր երազանքներից մեկն է:

«Ես երկար տարիներ եղել եմ մանկապատանեկան ամսագրի գլխավոր խմբագիր, աշխատել եմ երեխաների հետ: Ինձ համար շատ կարևոր է, որպեսզի յուրաքանչյուր երեխայի ձայնը, կարծիքը, տեսակետը լսելի լինի մեծերի համար: Ես շատ ուրախ եմ, որ այսօր հյուրընկալել եմ քեզ նման խելացի, համարձակ, պրպտող, իր հարցերի պատասխանները փնտրող երիտասարդի: Ես համոզված եմ, որ սա մեր առաջին, սակայն ոչ վերջին հանդիպումն է լինելու»,- ասել է նախարարը:

Ապագա լրագրող Էդուարդի հետ նախարար Բաթոյանի հանդիպումը վերածվել է յուրօրինակ հարցազրույցի. Էդուարդը բազմաթիվ հարցեր ուներ նախարարին, նախարարը՝ դպրոցականին:

«Ինձ համար շատ կարևոր էր այս հանդիպումը, որովհետև մենք շատ նմանություններ ունենք: Դուք ևս մասնագիտությամբ լրագրող եք, իսկ ես երազում եմ քաղաքականությամբ զբաղվելու մասին»,– ասել է Էդուրադը:

Նախարարը շնորհակալություն է հայտնել  Էդուարդին իր էջին ուղղված կարևոր հարցադրումների համար ու մի քանի ընկերական խորհուրդ տվել.

«Խոսքի ազատությունը ժողովրդավարական հասարակության ամենամեծ ձեռքբերումներից է, իսկ լրագրությունը՝ ամենահզոր գործիքներից մեկը՝ մարդկանց կյանքում փոփոխություններ իրականացնելու համար: Ճիշտ նկատեցիր, որ ես նույնպես սկսել եմ լրագրությունից, բայց քաղաքականությունն ու պաշտոնն ինձ համար երբեք ինքնանպատակ չեն եղել: Ես միշտ մտածել եմ, որ դրանք ևս փոփոխություններ բերելու, բարեփոխումներ իրականացնելու միջոց են միայն: Ես շատ կուզենամ, որ դու՝ լինես լրագրության, թե քաղաքականության մեջ, միշտ հիշես, որ կարևորը մարդն է»,– ասել է նախարարը:

Հանդիպման ավարտին Էդուարդը շրջել է նախարարությունում, ծանոթացել տարբեր վարչությունների աշխատանքներին, գործառույթներին:

Իր ապագան Էդուարդը պատկերացնում է օրենսդիր կամ գործադիր մարմիններում, որոշումների կայացման գործընթացներում:

ԿԻՍՎԵԼ