Մարզային այցելությունները կօգնեն մեր քաղաքականությունն ու ծրագրերը դարձնել թիրախային և արդյունավետ․ Ժաննա Անդրեասյան

«Նման հանդիպումները կարևոր ու օգտակար են, առաջին հերթին, նախարարության համար, որպեսզի հասկանանք, թե կանայք և աղջիկները ի՞նչ բնույթի խնդիրներ ունեն։ Կան հարցեր, որոնք հատուկ են կոնկրետ խմբերի ու տարածքների, ուստի հավաքագրված տեղեկատվությունը կօգնի, որպեսզի մեր քաղաքականությունն ու  ծրագրերը դարձնենք շատ ավելի թիրախային, հասցեական, նաև օգտակար ու արդյունավետ»,– այս մասին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը Գյումրիում՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

Հանդիպման ընթացքում ներկաները բարձրաձայնել են կանանց զբաղվածությանն ու աշխատանքային փորձառության պակասին առնչվող խնդիրների, կանանց իրավունքների ոտնահարման դեպքերի մասին, նաև խոսել որոշ օրենսդրական բացթողումներից։

«Խնդիրները շատ հաճախ միայն մեր նախարարության ոլորտում չեն, և ուզում ենք հասկանալ, թե ինչպե՞ս վերաձևակերպենք ծրագրերը կամ կոնկրետ ինչի՞ն պետք է գնա պետական աջակցությունը, որպեսզի ավելի արդյունավետ լինի։ Միգուցե, նաև կան այնպիսի սոցիալական խմբեր, որոնց կարիքները լրիվ ուրիշ են կամ հաշվի չեն առնված և մենք չունենք իրենց ուղղված ծրագրեր»,- նշել է փոխնախարարը։

Տիկին Անդրեասյանը տեղեկացրել է, որ նախատեսվում է բոլոր մարզերում ունենալ նմանօրինակ հանդիպումներ և տեղեկանալ կանանց հիմնախնդիրներին, ինչը թույլ կտա հստակեցնել նախարարության քաղաքականությունը։

Այցի շրջանակում փոխնախարարը նաև հանդիպել է «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N2 գիշերօթիկ հաստատություն», Գյումրու «Երեխաների տուն» և «Գյումրի քաղաքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» հաստատությունների աշխատակիցներին ու երեխաներին, ծանոթացել վերջիններիս հուզող խնդիրներին։

ԿԻՍՎԵԼ