«Երևանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ի տնօրեն է նշանակվել Լիլիթ Հակոբյանը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում նշանակվել է Լիլիթ Հակոբյանը:

Տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել 13 մարդ: Մրցույթին մասնակցել է նրանցից 9-ը: Առաջին փուլը հաղթահարել են մասնակիցներից միայն երկուսը՝ Լիլիթ Հակոբյանը և Լիաննա Մանվելյանը, ովքեր անցել են 2-րդ փուլ և ճանաչվել հաղթող:

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին»  ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների և այն փակ բաժնետիրական ընկերությունների, որոնց հարյուր տոկոս` բաժնեմասի տիրապետման իրավասությունը վերապահված է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցույթի անցկացման և մրցութային հանձնաժողովի ձևավորման և կազմի հաստատման կարգի» համաձայն՝ «Մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո սույն կարգի 31-րդ կետով նախատեսված բողոքի բացակայության դեպքում, համապատասխան հանձնաժողովից ստացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ եզրակացությունը անձնակազմի կառավարման բաժինը ներկայացնում է նախարարին: Եզրակացությունը ստանալուց հետո եռօրյա ժամկետում, նախարարը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկի հետ, սահմանված կարգով, կնքում է աշխատանքային պայմանագիր»:

Մրցույթի արդյունքում ստացված եզրակացության հիման վրա՝ նախարարի որոշմամբ աշխատանքային պայմանագիր է կնքվել Լիլիթ Հակոբյանի հետ:

ԿԻՍՎԵԼ