Մեզանում դեռևս առկա են կնոջ ներուժի օգտագործումը, նրա ինքնադրսևորումը խոչընդոտող խնդիրներ. Ժաննա Անդրեասյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մայիսի 16-ին Արմավիրի քաղաքացիական-երիտասարդական կենտրոնում հանդիպել է մարզում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Սա նախարարության արտագնա հանդիպումների մեկնարկն էր:

Նա ներկայացրել է այս պահին սոցիալական պաշտպանության, մասնավորապես՝ կանանց հիմնախնդիրների ոլորտում իրականացվող ծրագրերն ու աշխատանքները, խոսել առաջիկա անելիքների և նոր նախաձեռնությունների մասին:

Նշենք, որ հանրային քննարկումների և գործընկեր կազմակերպությունների կողմից ստացված առաջարկություների հիման վրա լրամշակվում է 2019-2023 թթ. գենդերային ռազմավարությունը: Նախատեսված միջոցառումները իրագործվելու են 5 գերակայությունների շուրջ՝ կանանց առաջխաղացման մեխանիզմի ամրապնդում, իշխանության՝ տարբեր մակարդակներում կանանց ներկայացվածության բարձրացում, խոցելի խմբերի աշխատանքային իրավունքի պաշտպանություն, աշխատանքի և ընտանեկան կյանքի համատեղելիություն, գենդերազգայուն միջավայրի ստեղծում:

«Շնորհակալ եմ պատրաստակամության, համագործակցության և այն աշխատանքի համար, որոնք իրագործվել են մարզում՝ պաշտպանելով կանանց իրավունքներն ու շահերը: Յուրաքանչյուր մարզում դեռևս առկա են կնոջ ներուժի օգտագործման և հասարակության մեջ նրա ինքնադրսևորման համար խոչընդոտ հանդիսացող խնդիրները: Համատեղելով մեր ուժերը, իրագործելով նոր ծրագրեր՝ փորձենք բարձրացնել ու ամրապնդել նրա դերն ու կարևորությունը համայնքի կյանքում ու մարզում տեղի ունեցող գործընթացներում»,- հավելել է նախարարի տեղակալը:

Այնուհետև, հանդիպման մասնակիցները ներկայացրել  են իրենց կազմակերպությունների գործունեությունը, մարզում եղած հիմնական խնդիրները՝ հասարակական կյանքում կանանց դերի բարձրացում, աշխատանքային իրավունքների պաշտպանություն, գենդերային հավասարություն, ազգային փոքրամասնությունների աղջիկների կրթություն իրավունքի իրացում, բռնության ենթարկված անձանց պաշտպանություն, տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքական գործընթացներում կանանց ներգրավվածություն:

Կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից առանձնացվել են նաև հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների աշխատանքային իրավունքների պաշտպանության, նրանց սեռական դաստիարակության, 18-35 տարեկան հաշմանդամություն ունեցող կանանց մասնագիտական հմտությունների ու գիտելիքների ձեռքբերման խնդիրները:

«Մենք պետք է ունենանք վերը նշված հասկացությունների և իրավիճակների իրավական դաշտի գերակայություն, որը լինելու է մեր մշակած քաղաքականության հիմքում»,- շեշտել է Ժ. Անդրեասյանը:

Հանդիպման ավարտին Ժաննա Անդրեասյանը հավաստել է, որ մարզային այցելություններն ու համագործակցությունը լինելու են շարունակական՝ նպատակ ունենալով հավաքագրելու տվյալ մարզին բնորոշ խնդիրները, ներկայացնելու պետական քաղաքականության մոտեցումներն ու այն աշխատանքները, որոնք իրագործվում են դրանք լուծելու նպատակով:

ԿԻՍՎԵԼ