Պետությունները զբաղվածության ոլորտի զարգացմանն ուղղված ֆինանսական միջոցները պետք է դիտարկեն ոչ թե որպես ծախս, այլ որպես ներդրում. Հայնց Քոլլեր

«Մեզ համար շատ կարևոր ժամանակաշրջան է, քանի որ մենք լուրջ անելիքներ ունենք աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում: Այս համատեքստում մեզ համար առանձնահատուկ կարևորություն ունի Ձեզ հետ համագործակցությունը: Համոզված եմ, որ այն շատ լուրջ խթան կհանդիսանա մեր սոցիալական գործընկերների հետ համագործակցության և նոր արդյունքներ գրանցելու համար: Ուրախությամբ պետք է նշեմ, որ այսօր՝ երկար  տարիների դադարից հետո, Հայաստանում նոր արհմիություններ են ստեղծվում, ինչը չափազանց կարևոր է մեզ համար»,– այս մասին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ընդունելով Աշխատանքի միջազգային կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հայնց Քոլլերի գլխավորած պատվիրակությանը, ասել է նախարար Զարուհի Բաթոյանը:

Նա նշել է, որ Հայաստանի կառավարության նոր ծրագրերն ամբողջովին համահունչ են ԱՄԿ  հիմնական և վերջին «Գլոբալ զեկույցի» մեջ առաջ քաշված սկզբունքներին, իսկ աշխատանքի խրախուսումը Կառավարության ծրագրի հիմնաքարային սկզբունքներից մեկն է:

«ԱՄԿ-ն ստեղծվել է Առաջին աշխարհամարտի փլատակների վրա՝ 1919թ., և մեր կազմակերպության ողջ պատմությունն ապացուցում է, որ սոցիալական արդարությունն ու պաշտպանությունը խաղաղության կարևորագույն նախապայման են: Ուրախ եմ, որ հաջորդ երկու օրերին պատիվ ունենք մասնակցելու  «Աշխատիր Հայաստան» ծրագրի մեկնարկին, ինչպես նաև՝ «Արժանապատիվ աշխատանք» ազգային ծրագրի ստորագրմանը: Կարևոր է, որպեսզի պետությունները զբաղվածության ոլորտի զարգացմանն ուղղված ֆինանսական միջոցները պետք է դիտարկեն ոչ թե որպես ծախս, այլ որպես ներդրում»,- ասել է Քոլլերը:

Նշենք, որ այս տարի լրանում է ԱՄԿ 100-ամյա հոբելյանը, որի շրջանակներում Հայաստանում ստորագրվել է  «Արժանապատիվ աշխատանք» ազգային ծրագիրը.

«Մեզ համար մեծ պատիվ է Աշխատանքի միջազգային կազմակերպության 100-ամյակի մասնակիցը լինելը: Սա այն առիթն է, որի համար արժե շնորհավորել ոչ միայն Ձեզ, այլ մեզ բոլորիս, քանի որ ԱՄԿ ստեղծումը և գործունեությունը աշխատանքային իրավունքների պաշտպանության և սոցիալական համերաշխության ոլորտում, անգնահատելի է»,- ասել է Զ. Բաթոյանը:

 

 

ԿԻՍՎԵԼ