Ստորագրվեց «Արժանապատիվ աշխատանք» ազգային ծրագիրը

«Այսօր ստորագրվող ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության, սոցիալական գործընկերների և ԱՄԿ-ի միջև սերտ գործունեության և փայլուն կապերի վառ ապացույցն ու արտացոլումն է, որով սահմանվում են գալիք 4 տարիների ընթացքում մեր համագործակցության գերակայությունները, ռազմավարությունները և սպասվող արդյունքները»,-  այս մասին «Արժանապատիվ աշխատանք» ծրագրի ստորագրման արարողության ժամանակ ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Ծրագիրն, որը սահմանում է ԱՄԿ-ի և Հայաստանի Հանրապետության միջև համագործակցության գերակայությունները, հիմնական արդյունքները և իրականացման ռազմավարությունները 2019-2023թթ. համար, ստորագրվեց նախարար Զարուհի Բաթոյանի, Աշխատանքի միջազգային կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն  Հանց Քոլլերի, Հայաստանի գործատուների հանրապետական միության  նախագահ Գագիկ Մակարյանի  և Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանի կողմից:

Այն կոչված է խթանելու արժանապատիվ աշխատանքը` որպես զարգացման քաղաքականության գլխավոր բաղադրիչ և, միևնույն ժամանակ, կառավարության և սոցիալական գործընկերների ազգային քաղաքականության նպատակներից է:

Կարևորելով սոցիալական գործընկերների դերը ծրագրի պատրաստման և իրականացման գործում, Զ. Բաթոյանը նշեց.«Կցանկանայի նաև հատուկ ընդգծել սոցիալական գործընկերների անմիջական դերն ու ներդրումը ծրագրով նախանշված արդյունքների ապահովման և ոլորտի բարեփոխումների իրականացման գործում: Համոզված եմ, որ Ծրագիրը լրացուցիչ խթան կհանդիսանա և հնարավորություն կստեղծի երկրում սոցիալական գործընկերության համակարգի հետագա շարունակական զարգացման համար»:

Ծրագիրը երեք հիմնական գերակայութուն ունի՝ աշխատանքային իրավահարաբերությունները կարգավորող       մեխանիզմների կատարելագործում, զբաղվածության քաղաքականության բարելավում, կանանց և տղամարդկանց զբաղվածության կարողությունների ընդլայնում և սոցիալական երկխոսության և կոլեկտիվ բանակցությունների ամրապնդում բոլոր մակարդակներում:

Աշխատանքի միջազգային կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն  Հանց Քոլլերն ընդգծեց, որ ծրագիրը մշակվել է մասնակցային կերպով՝ ընդգրկելով բոլոր շահագրգիռ կողմերին.

«Այս ծրագրում ներկայացված են ոչ միայն այն ստորագրող կողմերի առաջնահերթությունները, այլև ՄԱԿ-ի Զարգացման և աջակցության 2016-2020 թթ. Առաջնահերթությունները, ինչպես նաև՝ Կայուն զարգացման նպատակները: Ուրախ եմ տեսնել ԱՄԿ չափորոշիչներին համապատասխանելու՝  Հայաստանի պատրաստակամությունը: Շատ ուրախ կլինենք մասնակցել աշխատանքի և զբաղվածության ոլորտում ակնկալվող օերնսդրական փոփոխություններին և Զբաղվածության ռազմավարության մշակմանը»,– ասաց Հ. Քոլլերը:

Ըստ նրա՝ որևէ կայուն առաջընթաց հնարավոր չի լինի՝ առանց  սոցիալական երկխոսության և սոցիալական արդարության:

Նշենք, որ այս տարի ԱՄԿ-ն տոնում է իր ստեղծման 100-ամյակը: Այս կապակցությամբ Զ. Բաթոյանը շնորհավորեց գործընկերներին, նշելով, որ ստորագրված ծրագիրը կդառնա կազմակերպության պատկառելի գործունեության շարունակությունը.

«Մեծ պատիվ է, որ այսօրվա միջոցառումը և այս կարևոր փաստաթղթի ստորագրումը տեղի է ունենում Աշխատանքի միջազգային կազմակերպության 100-ամյա հոբելյանի շրջանակներում, մի կազմակերպություն, որն իր երկարամյա գործունեության ընթացքում անվերապահորեն պայքարել է սոցիալական պաշտպանության և արդարության, աշխատանքային իրավունքների և սոցիալական երկխոսության աներկբա գերակայության և ապահովման համար»,- ասաց նախարարը:

ԿԻՍՎԵԼ