Կառավարությունը կների բռնադատվածներին տրամադրված արտոնյալ վարկերը

Հայաստանում բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց սոցիալական վիճակը բարելավելու համար ՀՀ կառավարությունը որոշել է ներել 5-17 տարի առաջ նրանց տրամադրված վարկերի նկատմամբ ունեցած պարտավորությունները։

Ըստ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած նախագծի՝ խոսքը խորհրդային ժամանակներում բռնադատվածներին ու նրանց ժառանգներին սկսած 2002 թվականից պետական բյուջեից արտոնյալ պայմաններով տրված երկարաժամկետ վարկերի մասին է, որոնք հատկացվել էին բնակարանային պայմանների ապահովման նպատակով։

Այս որոշմամբ 303 քաղաքացի 25 տարի մարման ժամկետով 1 տոկոս տոկոսադրույքով ընդհանուր առմամբ 1 272 094 607 դրամի վարկ էր ստացել։

Ավելի ուշ, հաշվի առնելով բռնադատվածների սոցիալական ծանր վիճակն ու վարկը մարելու դժվարությունները, կառավարությունը երկու անգամ` 2010 և 2013թթ. վարկերի մարման ժամկետները երկարաձգելու որոշումներ էր կայացրել։

Բայց 2018թ. դրությամբ պարզվել է, որ վարկն ամբողջությամբ մարել են միայն 19 վարկառու, իսկ 114-ը ոչ մի վճարում չի կատարել։

Արդյունքում, 2018թ. սեպտեմբերի դրությամբ բռնադատված անձանց չմարված վարկային պարտավորությունների ամբողջ գումարը կազմում է 343 138 920 դրամ, որից 230 130 276–ը վարկի մայր գումարներն են, 36 662 626 –ը՝ տոկոսագումարները, իսկ 76 346 018–ը` տույժերը:

Հաշվի առնելով, որ վարկառուների հիմնական մասը տարեց և սոցիալապես անապահով անձինք են և հնարավորություն չունեն կատարելու իրենց վարկային պարտավորությունները, ՀՀ կառավարությունն այսօր որոշեց ներել վարկային ամբողջ պարտքը` ազատելով նրանց վարկային պարտավորություններից ու տարիների ընթացքում ավելացած տույժերի վճարումից:

ԿԻՍՎԵԼ