Կառավարության որոշմամբ սահմանվել է նվազագույն կենսաթոշակի չափը՝ 25.500 դրամ

ՀՀ կառավարության 2019թ. ապրիլի 25-ի նիստում ընդունվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1734-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության շրջանակներում 2019թ. հունվարի 1-ից արդեն իսկ բարձրացվել են ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում տրվող նպաստների չափերը և սահմանվել են 25500 դրամի չափով (հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ նպաստների չափերը սահմանելու իրավասությունը օրենքով վերապահված է Կառավարությանը)։

Հաշվի առնելով գործող իրավակարգավորումները՝ 2019թ. մարտի 1-ի դրությամբ պարենային (ծայրահեղ) աղքատության գծից ցածր աշխատանքային կենսաթոշակ ստացողների թիվը կազմում է շուրջ 17500 անձ, որից.

1) 0-ից 12 տարվա ստաժ ունեցող տարիքային կենսաթոշակառուներ – շուրջ 4000,

2) 0-ից 26 տարվա ստաժ ունեցող` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակառուներ – 5300,

3) 0-ից 6 տարվա ստաժ ունեցող՝ առաջին խմբի հաշմանդամություն ունեցող կենսաթոշակառուներ – 150 անձ,

4) 0-ից 8 տարվա ստաժ ունեցող՝ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կենսաթոշակառուներ – 1800,

5) 0-ից 12 տարվա ստաժ ունեցող՝ երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կենսաթոշակառուներ – 6400 անձ:

Ըստ այդմ, ՀՀ կառավարության որոշմամբ նվազագույն կենսաթոշակի չափը սահմանվել է 25500 դրամ՝ 2019 թվականին պարենային (ծայրահեղ) աղքատության գծի կանխատեսվող չափով:

Նվազագույն կենսաթոշակի չափը սահմանելիս հաշվի են առնվել պարենային աղքատության գիծը 2017թ.՝ 24269 դրամ և գնաճի ցուցանիշը՝ 2018թ.՝ փաստացի 2,5 %։ Եվս 2,5 % գնաճ է կանխատեսվել 2019թ. համար (կանխատեսում)։

Ընդունված որոշման արդյունքում 17 500 անձի կենսաթոշակը կսկսվի վճարվել առնվազն ծայրահեղ աղքատության գծի՝ 25500 դրամի չափով։

Ընդ որում, հաշվի առնելով 2019թ. մարտի 28-ին ՀՀ Ազային ժողովում ընդունված օրենքի պահանջները. կավելացվեն նաև հաշմանդության 1-ին խմբով 7-12 տարվա ստաժ ունեցող շուրջ 670 և  հաշմանդության 2-րդ խմբով 9-12 տարվա ստաժ ունեցող շուրջ 3250 կենսաթոշակառուների կենսաթոշակները:

Հարկ է նաև նկատի ունենալ, որ կենսաթոշակների վերահաշվարկը կկատարվի 2019 թվականի հունվարի 1-ից՝ կենսաթոշակառուներին վճարելով նաև չվճարված կենսաթոշակի գումարը (կենսաթոշակի՝ սահմնված նոր չափի և փաստացի վճարված գումարի տարբերությունը) 2019 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածի համար։

 

ԿԻՍՎԵԼ