Մեր բոլոր ծրագրերում պետք է ապահովվի կանանց տեսանելիությունը. Զարուհի Բաթոյան

«Ես շատ ուրախ եմ հյուրընկալել կանանց, ովքեր այսքան լուրջ դերակատարում ունեն մեր երկրում և ովքեր պատրաստակամ են համատեղել իրենց ջանքերը՝ Հայաստանում կանանց դերի բարձրացման, իրավահավասարության և հավասար հնարավորությունների ստեղծման համար»,- այս մասին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում հյուրընկալելով Գենդերային հարցերով թեմատիկ խմբի ներկայացուցիչներին՝ ասել է նախարար Զարուհի Բաթոյանը:

Նախարարը տեղեկացրել է, որ այս պահին ավարտին են մոտենում «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների» ռազմավարության մշակման աշխատանքները, որոնցում ներգրավված են եղել բազմաթիվ գործընկեր կազմակերպություններ: Բացի այդ՝ տիկին Բաթոյանը հիշեցրել է վերջերս Կառավարության կողմից ընդունված երկու որոշումների մասին, որոնք անմիջականորեն վերաբերում են «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի կիրարկմանը: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ընտանիքում բռնության ենթարկված անձանց համար ապաստարաններին և դրանց անձնակազմին ներկայացվող պահանջների հաստատմանը, ինչպես նաև՝ ընտանեկան բռնության զոհերի ֆինանսական աջակցությանը:

«Մեզ համար սկզբունքային է, որպեսզի մեր բոլոր նախաձեռնություններում և ծրագրերում ապահովվի կանանց տեսանելիությունը: Այսօր ՀՀ կառավարությունում հավաքված են մարդիկ, ովքեր կիսում են այս տեսակետները: Ուրախ եմ, որ որոշում կայացնող տղամարդիկ արժևորում են կանանց ներկայացվածությունը ոչ միայն հասարակական նախաձեռնություններում, այլև՝ քաղաքականության և տնտեսության մեջ»,- ասել է նախարարը:

Թեմատիկ խմբի ներկայացուցիչ, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսուտրոն տեղեկացրել է, որ օրերս ՀԲ տնօրենների խորհրդին է ներկայացրել Հայաստանի հետ առաջիկա 4 տարիների համագործակցության ծրագրի նախնական տարբերակը, որի ընթացքում բարձրաձայնել է նաև կանանց իրավունքների, արդիական խնդիրների մասին.

«Հաշվի առնելով բոլոր առկա խնդիրներն ու մարտահրավերները, կարծում եմ՝ ժամանակն է խոսելու նաև Հայաստանում առկա լավագույն օրինակների մասին, որոնցից մեկն էլ դուք եք: Դեռ մի քանի տարի առաջ ԱԺ-ում կանանց ներկայացվածությունը 5 % էր, այսօր՝ 25 %: ՏՏ ոլորտում Հայաստանում ավելի շատ կին է աշխատում, քան Սիլիկոնյան հովտում: Կարծում եմ՝ պետք է տեսանելի դարձնել այս լուռ հերոսներին»,– ասել է ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարը:

Նշենք, որ Գենդերային հարցերով թեմատիկ խմբում ներկայացված են ավելի քան 60 տեղական և միջազգային կազմակերպություններ, այդ թվում ՄԱԿ -ի հայաստանյան գրասենյակը, ԵԱՀԿ-ն, Համաշխարհային բանկը և  միջազգային զարգացման այլ գործընկերներ:

ԿԻՍՎԵԼ