10 անօթևան ընտանիք կացարան կստանա «Վետերան» օթևանում

Կառավարությունն այսօր՝ ապրիլի 11-ին, փոփոխություն կատարեց «Բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող՝ սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց ցանկը, կացարանով ապահովելու կարգը և պայմանները սահմանելու» վերաբերյալ որոշման մեջ: Ըստ այդմ սահմանվեց նաև «Վետերան» օթևանում կացարանով ապահովման ենթակա անձանց շրջանակը: Այդ որոշմամբ  միաժամանակ կլուծվի անօթևան նվազագույնը 10 անձի (ընտանիքի) բնակարանային խնդիր:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է այն հանգամանքից, որ  «Վետերան» օթևանում, ավելի քան 2 տարի է, ինչ առկա են ազատ սենյակներ, որոնք չեն բնակեցվում՝  դիմող չլինելու պատճառով:

ՀՀ կառավարության նշված որոշման փոփոխության արդյունքում այսուհետ կացարան կարող է տրամադրվել սեփականության կամ համասեփականության իրավունքով բնակարան (բնակելի տուն) չունեցող, ժամանակավոր կացարաններում, հասարակական նշանակության այլ օբյեկտներում բնակվող, ինքնասպասարկման ունակություն ունեցող՝

  • աշխատանքի վետերանի կարգավիճակ կամ 40 և ավելի տարվա աշխատանքային ստաժ ունեցող և օրենսդրությամբ նախատեսված խնամողներ չունեցող տարեց անձանց,
  • «հաշմանդամ-երեխա» կարգավիճակ ունեցող երեխայով միածնող ընտանիքի կամ ամուսնական զույգի, եթե ամուսիններից երկուսն էլ ունեն հաշմանդամություն:

Արդյունքում առաջիկայում ևս 10 անօթևան անձ կամ ընտանիք կապահովվի ժամանակավոր կացարանով:

«Վետերան» օթևանում կացարանով ապահովման նպատակը  հատուկ խմբերին դասված որոշակի կատեգորիայի անձանց ժամանակավոր հիմունքներով բնակելի տարածքի հատկացումն է, և ըստ անհրաժեշտության, այդ անձանց սոցիալական այլ ծառայությունների տրամադրումը՝ կյանքի դժվարին իրավիճակը հաղթահարելու կամ կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելը կանխարգելելու համար:

ԿԻՍՎԵԼ