Մինչև 30 տարեկան անմրցունակ մայրերն աշխատաշուկա մուտք գործելու հնարավորություն կունենան՝ հմտություններ ստանալով հենց գործատուի մոտ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ընդլայնել է  «Աշխատաշուկայում անմրցունակ երիտասարդ մայրերի աջակցության ծրագիր»-ը: 2019 թվականի համար ծրագրից կարող է օգտվել 107 շահառու: Այս մասին «Արմենպրես»ի հետ զրույցում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը:

Ժորա Սարգսյանի խոսքով, Զբաղվածության պետական գործակալության տարածքային գրասենյակներում աշխատանք փնտրողների ու գործազուրկների թվում բավական մեծ տեսակարար կշիռ են կազմում կանայք: Օրինակ, հաշվառված գործազուրկների շուրջ 67 տոկոսը կանայք են: Հետևաբար, առաջնահերթություն եղավ հենց կանանց համար հասցեական ծրագրեր իրականացնելը: Դրանցից է «Աշխատաշուկայում անմրցունակ երիտասարդ մայրերի աջակցության ծրագիր»ը: Նպատակն է կանանց հնարավորություն տալ ձեռք բերել մասնագիտական ունակություններ գործատուի մոտ ուսուցում իրականացնելու միջոցով:

«Մասնավորապես, ծրագրի շրջանակում նախատեսվում է մինչև 30 տարեկան երիտասարդ մայրերին, ովքեր դպրոցն ավարտելուց հետո մասնագիտություն չեն ստացել և աշխատաշուկայում անմրցունակ են, հնարավորություն տալ 6 ամիս ժամկետով մասնագիտական ուսուցում ստանալ անմիջապես գործատուի մոտ: Այդ ընթացքում ծրագրով նախատեսվում է շահառու կանանց վճարել կրթաթոշակ, ոչ ավելի, քան նվազագույն ամսական աշխատավարձի չափը: Այսինք՝ յուրաքանչյուր ամիս 55 հազար դրամ: Ստացվում է, աշխատաշուկայում անմրցունակ կանայք 6 ամիս և՛ 55 հազար դրամ գումար կստանան, և՛ աշխատանքի հմտություններ ձեռք կբերեն գործատուի մոտ»,- ասաց նա:

Առաջնահերթություն է տրվելու այն կանանց, ովքեր ունեն 3 և ավելի երեխա, ովքեր նպաստառու ընտանիքից են: Ժորա Սարգսյանը նշեց, որ ծրագրով չեն կարող անսահմանափակ թվով շահառուներ նախատեսել, հետևաբար եթե մասնակցության պահանջարկը շատ լինի, ապա սկզբում նախապատվությունը կտրվի վերը նշվածին:

2018 թվականին ծրագիրը նախատասված է եղել 100 շահառուի համար, սակայն դիմել էին 100-ից ավելի: Եվ վերաբաշխումների միջոցով նախարարությունը կարողացել է ընդգրկել 112 շահառուի: 2019 թվականին ծրագիրը նախատեսված է 107 հոգու համար, չի բացառվում, որ վերաբաշխումների միջոցով պահանջարկի դեպքում ավելին լինի:

«Այս տարվա ընթացքում 15 հոգի արդեն աշխատում է: Ծրագրով սահմանված 107 հոգու համար նախատեսված է 63 մլն 556 հազար դրամ: Մենք ուսուցման պրոցեսում ֆինանսավորում ենք ոչ միայն շահառուին: Գործատուն իր աշխատողներից մեկին կցում է ծրագրի շահառուին, որպեսզի նրան սովորեցնի: Ծրագրով որոշակի գումար է նախատեսվում ուսուցանողի համար, ինչը ևս խրախուսող մեթոդ է: Նախատեսում ենք նաև գործատուին միանվագ գումար տալ 30 հազար դրամի սահմաններում, ով  այդ վեց ամսվա ընթացքում ձեռք կբերի նյութատեխնիկական պարագաներ ծրագրի շահառուին ուսուցանելու համար»,-ասաց Ժորա Սարգսյանը:

Գործատուներից արձագանք կա, շատերն են ցանկանում ծրագրի շրջանակում համագործակցել: Դիմողները հիմնականում սպասարկման, ծառայությունների ոլորտից են: Նախարարությունն առաջնահերթություն է տալիս այն գործատուներին, ովքեր տվյալ պահին ունեն թափուր աշխատատեղեր:

«Մեր հիմնական նպատակն այն է, որ ուսուցանելուց հետո ծրագրի շահառուն աշխատանքի ընդունվի: Իհարկե, կարող է լինել այնպես, որ շահառուն տվյալ գործատուի մոտ վեց ամիս անց չի տեղավորվում աշխատանքի, սակայն այդ ժամանակահատվածում աշխատելը, փորձ, հմտություններ ձեռք բերելը լավ հնարավորություն է այլ ընկերություններում աշխատանք գտնելու համար»,-ասաց նա:

Թե շահառուներից քանիսն են կարողացել աշխատանք գտնել, Ժորա Սարգսյանը դժվարացավ ասել: Նա նշեց, որ ծրագիրը հիմնականում տարվա վերջից է սկսել իրականացվել, հետևաբար դեռ շահառուներ կան, որ պրակտիկայի փուլում են: Ուստի  դժվար է ամփոփ արդյունքների մասին խոսել:

Այն հարցին, թե արդյոք ծրագրին չեն կարող դիմել այն մայրերը, ովքեր դպրոցն ավարտելուց հետո կրթություն ստացել են, սակայն չեն աշխատել, Ժորա Սարգսյանը նշեց, որ այդ կանանց համար նախարարությունն ունի այլ ծրագիր, որոնց կարող են հանգիստ դիմել: Նախարարությունը նրանց համար իրականացնում է «Ձեռք բերված մասնագիտությամբ առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործելու աջակցություն» ծրագիրը:

Աղբյուրը՝ armenpress.am

ԿԻՍՎԵԼ